Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը «Արթ-ֆուտբոլ-2013» փառատոնի շրջանակում հունիսի 2-ին անցկացված Ռուսաստան-Անգլիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
«Մոսկովսկի կոմսոմոլեցը» գրում է, որ հունիսի 3-ին բժիշկներն արդեն դուրս են գրել փոխվարչապետին: Այս մասին հայտնել է փոխվարչապետի մամուլի քարտուղար Ալիյա Սամիգուլինան:
Նա խուսափել է փոխվարչապետի աշխատանքային օրակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցին պատասխանելուց:
Գնդակի համար պայքարում փոխվարչապետն օդում բախվել է Անգլիայի հավաքականի խաղացող Էնդրյու Բերնին, գրում է rbc-ն: Չնայած վնասվածքին` Արկադի Դվորկովիչը մարզադաշտում է մնացել մինչեւ եզրափակիչ սուլոցը, սակայն խաղի ավարտից անմիջապես հետո բժշկի է գնացել: Ըստ մամուլի քարտուղարի` հիվանդանոցում Դվորկովիչին կարեր են դրել եւ որոշել պահել հիվանդանոցում:
Ինչ վերաբերում է երկրորդ տուժած անգլիացի խաղացող Էնդրյու Բերնին, ապա նրա վիճակի մասին ոչինչ հայտնի չէ:




























