Վերջին տարիներին ավելի հաճախակի են դարձել «ուրիշի ունեցվածքի հափշտակման» դեպքերը, այդ թվում` բնակարանային գողությունները: Այսպես, ընթացիկ տարվա հունվար-ապրիլին բնակարանային գողությունների դեպքերը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 240 դեպքով կամ 1,9 անգամ:
Բնականաբար, նման դեպքերից խուսափելու համար մարդիկ նախընտրում են միջոցները մասնավորապես վստահել բանկերին:
Պաշտոնական տվյալների համաձայն` ընթացիկ տարվա ապրիլին առեւտրային բանկերում բնակչության ավանդների գումարը կազմել էր ավելի քան 680,5 մլրդ դրամ, որից ազգային դրամով` 213 մլրդ, օտարերկրյա արժույթով` 447,5 մլրդ դրամին համարժեք:
Հանուն արդարության նշենք, որ բնակչության ավանդների կառուցվածքում դրական տեղարշարժ ինչ-որ չափով արձանագրվել է: Այսպես, 2009թ. ապրիլից մինչեւ ընթացիկ տարվա ապրիլն օտարերկրյա արժույթով ավանդների մասն ընդհանուր ծավալվում կրճատվել է 7,8 տոկոսային կետով, արդյունքում կազմելով 69,2%:
Միաժամանակ` դրամով եւ արտարժույթով ավանդների ծավալների միջեւ տարբերությունն անհավանական մեծության է հասել` 264,5 մլրդ դրամ` վերոնշյալ ժամանակահատվածի կտրվածքով:
Ներկայացնենք Հայաստանի մոտ երկու տասնյակի հասնող բանկերից մեկի` ավանդներին ներկայացվող պայմանները: Այսպես, 1 տարուց ավելի, բայց 2-ից պակաս ժամկետի համար դրամային ավանդների համար նախատեսված է 11%, իսկ ահա դոլարայինի համար ` «ընդամենը» 7%, եվրոյի համար` 5,5%: Ի դեպ, նման տոկոսները բնորոշ են «զարգացող» երկրներին` դրամական ռեսուրսների անբավարարությամբ:
Պետք է նշել, որ դրամի` լողացող կուրսի անցնելուց հետո Հայաստանում համաշխարհային արժույթը նկատելի «ամրապնդվել է»: Այսպես, տարվա ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը մեր երկրում բարձրացել է 6,2%-ով: Սա բավականին ծանրակշիռ գործոն է ավանդատուի ընտրության համար:
Ենթադրենք, որ իր ազնիվ վաստակած տոկոսները ավանդատուն ստանում է տվյալ բանկի հետ պայմանագրի ժամկետի ավարտին: Այս դեպում հաշվարկը ցույց է տալիս, որ «կանաչ» արժույթի ամրապնդումը հանգեցրել է «դոլարային» ավանդների գումարի աճի` «դրամային» համարժեքով 13,6%-ով: Այսինքն, 2,6 տոկոսային կետով ավելի հայրենական դրամով խնայողությունների աճից:
Հասկանալի է, որ եթե Հայաստանում դոլարը հետագայում եւս նման տեպերով «ամրապնդվի», ապա ավանդները շահավետ կլինի ներդնել միայն արտարժույթով:
Ալբերտ Խաչատրյան




























