Ստամբուլում «Գեզի» զբոսայգու քանդման դեմ հանդես եկող քաղաքացիների պայքարը ոստիկանության բռնությունների դեմ նոր զարգացումների առիթ է տվել։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլի Ինոնյուի անվան մարզադաշտի մոտ կայանված տրակտորներից մեկն անցել է ցուցարար քաղաքացիների ձեռքը։
Տրակտորի ղեկին անցած քաղաքացիները ստիպել են ոստիկանության ջրցան մեքենաներին՝ հեռանալ ժողովրդի հավաքված հատվածից։
Նշենք, որ Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել են «Գեզի» այգու ծառերի մի մասը կտրել՝ այգու այդ հատվածում շինություն կառուցելու եւ ճանապարհ դարձնելու համար, ինչին դեմ են դուրս եկել մի շարք արվեստագետներ, պատգամավոր եւ հասարակական գործիչներ։ Այդուհանդերձ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե որոշումն ընդունված է եւ այգին քանդվելու է։
Մայիսի 31-ի առավոտյան ոստիկանությունը դաժան մեթոդներով ցրել է այգում հերթապահություն անող քաղաքացիներին: Սա մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն Ստամբուլում, այլ ամբողջ Թուրքիայում` առիթ դառնալով լայնամասշտաբ բախումների:




























