Մոսկվայի «Սինեմա սթար» կինոթատրոնում տեղի է ունեցել հայկական «Եթե բոլորը…» ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Միքայել Պողոսյանն է, իսկ ռեժիսորը Նատալյա Բելյաուսկենեն:

Ինչպես հայտնում է russia-armenia.info-ն, «Եթե բոլորը…» ֆիլմը հաղթել է «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային փառատոնում` արժանանալով 2 մրցանակների` «Լավագույն հայկական ֆիլմ» եւ Էկումենիկ ժյուրիի մրցանակի: Բացի դրանից` 2013թ ֆիլմն Օսկար է ստացել եւ առաջին մրցանակի արժանացել Չինաստանում: Շնորհանդեսի հրավիրվածների թվում էին հայտնի ռուս քաղաքական գործիչներ, լրագրողներ,  հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Մոսկվայի ադրբեջանական համայնքի, Ռուսաստանի քրդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլն: Ֆիլմը պատմում է ղարաբաղյան պատերազմում զոհված մի մարտիկի աղջկա մասին, ով գնում է Հայաստան հոր գերեզմանը գտնելու եւ այնտեղ կեչի տնկելու նպատակով: Աղջկա անունը Սաշա (Ալեքսանդրա) է, նրա հայրը ռուս է, իսկ մայրը` հայ: Մայրը մահացել է 1988թ Սումգայիթում, իսկ հայրը՝ ղարաբաղյան պատերազմում` իր հրամանատարին փրկելիս: Նա պատերազմել է` պաշտպանելով կնոջ հայրենիքը, եւ մահացել է Արցախում: «Եթե բոլորը…» ֆիլմի հերոսուհուն հոր գերեզմանը գտնելու հարցում օգնում է հոր զինակից ընկերը: Հենց նրա հետ էլ աղջիկը պատրաստվում է իրականացնել հոր վերջին կամքը. ծառ տնկել նրա գերեզմանին: Երկար փնտրտուքներից հետո նրանք գտնում են գերեզմանը, որը գտնվում է սահմանի մյուս կողմում:

Ֆիլմին յուրահատուկ խարիզմա է տալիս հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների ընկերության ներկայացումը: