Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը մտադիր է հանգամանորեն ծանոթանալ Հայաստանին: Իր մտադրության մասին դիվանագետը հայտնել է այսօր` հունիսի 3-ի մամուլի ասուլիսում, որը նվիրված էր զբոսաշրջային երկրորդ գիտարշավի մեկնարկին:  

Դեսպանը նշել է, որ գիտարշավին չի կարող մասնակցել, սակայն մտադիր է դա լրացնել ապագայում` ճամփորդելով երկրում: «Հայաստանը հարուստ մշակույթ ունեցող երկիր է:  Ես մտադիր եմ այցելել երկրի յուրաքանչյուր անկյուն: Լինել երկրում եւ չուսումնասիրել այն ճիշտ չի լինի», - նշել է դեսպանը:

Դեսպանն ընդգծել է, որ «Հայաստանին Աստված է հրամայել զարգացնել զբոսաշրջությունը»: Ըստ Իվան Վոլինկինի` երկրում կարելի է հաջողությամբ զարգացնել  զբոսաշրջության տարբեր տեսակները` լեռնային, գյուղական, էկոտուրիզմ, հանգիստ լճափին եւ այլն:  Դեսպանը նշել է, որ Ռուսաստանում Ռուսաստանը գնացքի պատուհանից ծրագիր է անցկացվել, այսինքն` լրագրողները ճանապարհորդել են  գնացքով, լուսանկարել, եւ շատ հետաքրքիր նախագիծ էր ստացվել:  Ըստ դեսպանի` նմանատիպ ծրագիր կարելի է իրականացնել նաեւ Հայաստանում:  «Կարծում եմ, որ դա լավ ներդրում կլիներ Հայաստանի զբոսաշրջության զարգացման գործում», - նշել է դեսպանը: