ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հրազենային վնասվածքի հետեւանքով մահացած կուրսանտ Սիփան Մովսիսյանի հարազատները դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ են պատմել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցներին:

«Հայաստանի ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունիսի 1-ին հրազենային վնասվածքի հետեւանքով մահացած կուրսանտ Սիփան Մովսիսյանի տան մոտ հավաքած էին նրա հարազատները, բարեկամներն ու համակուրսեցիները:

2013 թ. հունիսի 3-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հրազենային վնասվածքի հետեւանքով մահացած կուրսանտ Սիփան Մովսիսյանի հարազատները Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցներին  պատմեցին դեպքի որոշ մանրամասներ:

Սիփան Մովսիսյանի հարազատների խոսքով` դեպքը տեղի է ունեցել 2013 թ. հունիս 1-ի` լույս 2-ի գիշերը: Դեպքի մասին հարազատները տեղեկացել են հեռախոսազանգով` հունիսի 2-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից: Սիփանի մորեղբայրը նույնիսկ չէր հիշում, թե կոնկրետ ժամը քանիսին են տեղեկացվել դեպքի մասին:  Հարազատները տեղեկություններ չհայտնեցին միջադեպի պատճառների մասին: Միայն մորեղբայրը հայտնել է, որ դիակը բերել են հունիսի 2-ի երեկոյան:

Մայրը ողբալով պատմում էր, թե ինչպես է ծառայակցի կողմից վիրավորված Սիփանը, արյունաքամ լինելով մոտեցել կապիտանին եւ խնդրել փրկել իր կյանքը: Ըստ նրա` կապիտանն անմիջապես շտապօգնություն է կանչել, սակայն երակի վնասման եւ արյան կորստի հետեւանքով անհնար է եղել փրկել 20-ամյա Սիփանի կյանքը:

Սիփանը ապրում էր տնակում` մոր, տատիկի եւ երկու եղբայների հետ` ծանր սոցիալական պայմաններում: Նրա եղբայրներից մեկը ներկայումս ծառայում է Լեռնային Ղարաբաղում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գործի հետ կապված մանրամասն տեղեկություններ կտրամադրի հետագայում»,-ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 21:05-ի սահմաններում պահակակետի հերթափոխի ժամանակ, Հայաստանի ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 3-րդ կուրսի կուրսանտ Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում:

Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «հեմոռագիկ տրավմատիկ շոկ, կրծքավանդակի աջ կեսի թափանցող միջանցիկ հրազենային վիրավորում, հեմոթորոքս» ախտորոշմամբ ընդունված Ս.Մովսիսյանը ժամը 22:20-ի սահմաններում մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով (Սպանություն) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Դեպքի հետ կապված Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: