Գորիսում սովորական, նորմալ մթնոլորտ է, ամեն ինչ հանգիստ է, դեպքը շատ ցավագին են տանում, բայց ամեն մարդ իր կանոնավոր աշխատանքին է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը` հերքելով տեղեկությունները, թե Գորիսում աղմկահարույց սպանությունից հետո ուժեղացված հսկողություն է եւ ամենուր ոստիկաններ են:
Նա տեղեկացրեց, որ դեպքի ժամանակ ինքը իր տանն էր, իմանալուն պես գնացել է եւ հիվանդանոց, եւ դեպքի վայր: Դեպքին նախորդած Սդղի լճում խնջույքին, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, քաղաքապետը չի մասնակցել. չի եղել այդ կառավարական արարողակարգում:
Քաղաքապետը չցանկացավ պատմել, թե ինչպես է եղել միջադեպը, ինչից է սկսվել վիճաբանությունը՝ շեշտելով, որ գործով զբաղվում են իրավապահները, գործընթացներն ընթացքի մեջ են, իսկ ինքը ոչ տեսել է, ոչ էլ՝ գիտի: Ի դեպ, քաղաքապետի տունը չեն խուզարկել, նրան էլ չեն հարցաքննել: «Ինձ կյանքում խուզարկած չկան: Եթե պետք է, ես իրենց կքննեմ: Ես մաքուր եմ աշխատում».- ասաց Նելսոն Ոսկանյանը:
Քաղաքապետը շատ լավ ճանաչում է Բուդաղյանների ընտանիքին, ազգականներ են, նա մտերիմ է նաեւ Սուրեն Խաչատրյանի հետ: Հարցին, թե փաստորեն երկու կրակի արանքո՞ւմ եք` մի կողմից ձեր ազգականններն են, մյուս կողմից` մարզպետը, նա պատասխանեց. «Փառք ու պատիվ բոլորին, ցանկացած բարդ իրավիճակում ամենալավը մարդկանց օգնելն է»: Նա նաեւ շեշտեց, որ շատ մտերիմ է եւ հարգում է մարզպետին:
Հարցին, թե հիմա ո՞վ է մեղավոր այս միջադեպում, քաղաքապետը նշեց, որ ի տարբերություն նախասովետական ժամանակների, երբ համայնքի ղեկավարները որոշումներ էին կայացնում, այժմ ինքն իրավունք չունի նման բան ասել: Միջադեպից հետո Նելսոն Ոսկանյանը երկու ընտանիքներին էլ այցելել է, սակայն չի կարող եզրակացությունների գալ, քանի որ համապատասխան մարմիններն են զբաղվում դրանով:
Նելսոն Ոսկանյանը մանկուց ճանաչում է նաեւ Սուրեն Խաչատրյանի տան դիմաց սպանված Ավետիք Բուդաղյանին, նորմալ հարաբերություններ ուներ նրա հետ: Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում Ավետիք Բուդաղյանը եւ Նելսոն Ոսկանյանը երկու անգամ մրցակիցներ են եղել, բայց քաղաքապետը վստահեցնում է, որ «ջան-ջիգյարով են եղել իրար հետ»: Նա չցանկացավ բնութագրել Ավետիք Բուդաղյանին: «Խնդրում եմ այդպիսի հարցեր մի տվեք, ես չեմ կարող ասել նա շատ հանգիստ է, թե՝ ոչ, նույնիսկ հանգիստ մարդու մոտ կարող է ուժեղ ագրեսիա առաջանալ»,- ասաց քաղաքապետը:
Հարցին, թե ոստիկանապետն ասել էր, թե Սյունիքում կրիմինալ չկա, չեք կարծում, որ կամ շտապել է նման կարծիք հայտնելիս կամ էլ «աչքով է տվել» Սյունիքին, նա պատասխանեց. «Իմիջայլոց, մեր ոստիկանապետը հավատի նկատմամբ շատ փխրուն մարդ է, սա դժբախտ պատահար է: Ես 13 տարի է այս աշխատանքի մեջ եմ, նախքան այդ ղեկավար պաշտոններ եմ զբաղեցնում, կրիմինալ չեմ տեսել, եթե կա, գոյություն ունի, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը զբաղվում է»,
Հարցին, թե սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառվում է Սյունիքի մարզպետի պաշտոնանկության պահանջի հարցը: «Մարդ կա, որ նույնիսկ Օբամային են ուզում պաշտոնանկ անել»: Դիտարկմանը, թե փաստորեն Սուրեն Խաչատրյանը Օբամային հավասար է, նա նշեց. «Ես նման բան չասացի, դա մարդկային հարաբերությունների ձեւ է»:
Մեր հիշեցմանը, թե երբ նման միջադեպ էր եղել «Հարսնաքարում», Ռուբեն Հայրապետյանը վայր էր դրել մանդատը, գուցե Սուրեն Խաչատրյանին եւս պաշտոնանկ անեն, նա նշեց, որ «այստեղ կա օբյեկտիվ քննություն, քաղաքական կամք, եթե մարդը մեղք չունի, ինչու պետք է հրաժարական տա, եթե մարդը մեղք ունի, կարող է հրաժարական տալ»: Իսկ թե Սուրեն Խաչատրյանի դեպքում ո՞ր տարբերակն է, նա նկատեց` «ես ոնց իմանամ` մարդը ասում է չունի, ասեմ` դու մեղավոր ես, ամեն ինչ երեւալու է քննությունից հետո»:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան:
Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:
Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Արտակ Բուդադյանը գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալում եւ նրա վիճակը ծայրահեղ ծանր կայուն է, Նիկոլայ Առուստամյանի վիճակը` կայուն ծանր:
Դեպքի կապակցությամբ կան ձերբակալվածներ, նախաքննությունը շարունակվում է: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը
Ձերբակալվել է Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Սուրենի Խաչատրյանը: Ձերբակալվածների թվում է նաեւ Սյունիքի մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, ով, ի դեպ, ոչ վաղ անցյալում եւս հայտնվել էր սկանադալային միջադեպի կենտրոնում, սակայն այդպես էլ պատասխանատվության չէր ենթարկվել:




























