«Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ն արձագանքել է մայիսի 31-ին «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի կողմից հանրային գնումների մոնիթորինգի ծրագրի շրջանակում տարածված հաղորդագրությանը: 

«Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդագրության մեջ նշվում է.

«ա) «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը իր գործունեության ընթացքում առաջնորդվում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ եւ դրանով սահմանված ժամկետներով.

բ) Ափսոսանք ենք հայտնում, որ նշված հեղինակավոր կազմակերպությունը հրապարակում է չստուգված, անարժանահավատ տեղեկատվություն՝ անհարկի  ազդելով համակարգի հեղինակության վրա.

գ) Հույս ենք հայտնում, որ հետագայում, մինչեւ նման տեղեկատվության հրապարակումը, «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը այն կճշտի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ։ Հատկապես կարեւորում ենք, որ Գնումների աջակցման կենտրոնը մշտապես պատրաստ է եղել համագործակցել բոլոր հասարակական կազմակերպությունների, այդ թվում եւ «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հետ։

Հ.Գ. Ինչ վերաբերում է «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հաղորդագրության մեջ նշված դեպքին, ապա այդ առնչությամբ հայտնում ենք, որ «Էկոլոգիա Վ. Կ. Հ.» ՍՊԸ-ի կողմից «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ ներկայացված բողոքի քննության ընթացքում հայց է ներկայացվել Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որն իրավապարտադիր որոշում է կայացրել՝ կիրառել է հայցի ապահովման միջոց եւ կասեցրել է ընկերության բողոքի քննությունը։ Թույլ տրված անճշտության եւ չհիմնավորված տեղեկատվության հրապարակման համար ակնկալում ենք «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հրապարակային ներողությունը»: