Ժիրայր Սէֆիլյանին սպառնացողները նպատակ են դրել ոչնչացնելու ազգային մտածողություն ունեցող եւ հայրենիքին նվիրված հայորդիներին: Այս մասին հայտարարություն է տարածել «Շուշիի առանձնակի գումարտակ» ազատամարտիկների միավորումը:

Հայտարարության մեջ ասվում է.

«Ազգուրաց  եւ հայրենադավ ուժերը սպանության սպառնալիք են ուղղել Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, մեր մարտական ընկեր, «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Ժիրայր Սէֆիլյանին, ինչպես նաեւ հետապնդում եւ հալածում են նրա քաղաքական համախոհներին:

Մեր հայրենիքում սովորական երեւույթ է դառնում մարդկանց ահաբեկումը նրանց հայրենանվեր գործունեության համար: Նման օրինակ է սույն թվականի ապրիլի 2-ին Հայրենիքի եւ իր գյուղի հոգսերով ապրող Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դավադիր սպանությունը: Հրաչ Մուրադյանը նաեւ Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիրներից էր: Նրա սպանության մեղավորները մինչ օրս չեն բացահայտվել եւ անպատիժ են մնացել: Իսկ անպատժելիության այդ մթնոլորտը հարուցում է հանրության զայրույթը եւ կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների:

Իրավապահ մարմինները պարտավոր են օր առաջ բացահայտել եւ պատժել այսպիսի հանցագործությունները, հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իրենց վրա:

Ժիրայր Սէֆիլյանն այն քչերից մեկն է, որ Լիբանանից հայրենիքի կանչով եկավ ու մասնակցեց ազատամարտին` գլխավորելով Արցախի լեգենդար զորամասերից մեկը եւ փառքով ու պատվով պսակելով իր եւ իր ընկերների անունը: Պատերազմի ժամանակ եւ դրանից հետո նա երբեք թալանով չի զբաղվել եւ նույնը թույլ չի տվել իր ենթականերին, երբեք նյութապաշտ չի եղել ու այժմ էլ չէ, զինվորի կյանքի հաշվին կարիերա չի ստեղծել, զինվորի հացն ու հագուստը չի յուրացրել եւ ազգային արժանապատվությունը վեր է դասել ուսադիրներից: Նա օլիգարխ չէ, հանցագործ չէ, դավաճան չէ, ուրիշի հացը չի ուտում եւ չի քծնում: Ժիրայր Սէֆիլյանը եղել ու մնում է հայրենիքին եւ իր ժողովրդին նվիրված հայ զորավար:

Այս ամենից հետո մնում է ենթադրել, որ Ժիրայր Սէֆիլյանին սպառնացողները նպատակ են դրել ոչնչացնելու ազգային մտածողություն ունեցող եւ հայրենիքին նվիրված հայորդիներին:

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ նվիրյալ հայորդիներին ահաբեկողները կրակի հետ են խաղում:

Մենք, ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ այսօր, պաշտպանել ենք եւ պաշտպանելու ենք մեր հայրենիքն ու մեր հրամանատարին»: