Երեւանի «Բանգլադեշի տոնավաճառի» մոտակայքում գտնվող Սեբաստիայի եւ Րաֆֆու փողոցների «Т»-աձեւ  խաչմերուկում, երթեւեկության կանոնների համաձայն, կանգառը, առավել եւս, սեփական ավտոմեքենաների կայանումն արգելվում է: Այդ արգելքն էլ ահա դարձել է տեղի բնակիչների համար գլխացավանքի պատճառ, որոնց տները գտնվում են հենց այդ հատվածում, իսկ ավելի ճիշտ, նշված «Т»-աձեւ  խաչմերուկի վերին մասում:

Խնդիրն այն է, որ խաչմերուկում ստացիոնար տեսախցիկ է տեղադրված, որն արձանագրում է բոլոր խախտումները, այդ թվում` տրանսպորտի կանգառը չնախատեսված վայրում: Խախտողներն էլ ստանում են տուգանքի մասին համապատասխան ակտը: Ամեն ինչ կատարվում է  օրենքին համապատասխան` «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 124 –րդ հոդվածով:

Բնականաբար, ոչ մեկին թույլ չի տրվում խախտել երթեւեկության կանոնները: Սակայն այդ հատվածում մեքենաների կայանման արգելքը տեղի բնակիչների համար բազմաթիվ խնդիրներ է առաջացնում. մեկը գնված կահույքն է տեղափոխում, մեկ ուրիշը` շինանյութեր, մյուսը` հիվանդ տատիկին:

Ապօրինի կայանման համար տուգանքը կազմում է 5 հազր. դրամ, սակայն հաճախ մարդիկ ստիպված գնում են այդ քայլին` ավելորդ դժվարություններից խուսափելու համար: Այս իսկ պատճառով էլ շատերի մոտ խախտման ակտերի տրցակ է հավաքվել...

Բնակիչների խնդրանքը պարզ է` թույլ տալ մեքենաներին թեկուզ հինգ-տասը րոպեով այստեղ կայանել: Օգնության համար նրանք դիմել են վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» կենտրոն, սակայն  այնտեղից ասել են, որ «օրենքն օրենք է»: Այնպես որ, պաշտպանելու բան չկա: Ահա նման տխուր պատմություն NEWS.am գործակալությանը ներկայացրեցին տեղաբնակ քաղաքացիները...

Զարմանալի է այն, որ այդ տներից մի քանի մետր հեռավորության վրա, Րաֆֆու փողոցին մոտ հատվածում, իսկական անկարգություն է տիրում: Այնտեղ մեկ հասարակական տրանսպորտի կանգառ է, մեկ այդպսին չէ` դատելով համապատասխան նշանների բացակայությունից...

Մոտակայքով անցնող ճանապարհային ոստիկանությունն էլ տաքսիներն է խնդրում անհապաղ ազատել երթեւեկելի հատվածը, ինչը եւ նրանք տհաճությամբ կատարում են, բայց հետո նորից վերադառնում նույն տեղը` խանգարելով հասարակական տարնսպորտին:

Այսպիսով, ճանպարհային ոստիկանության համար արդյոք լավ չի՞ լինի քաղաքային իշխանությունների հետ համատեղ ուշադրությունը կենտրոնացնել այդ անկարգությունների վրա` Սեբաստիա փողոցի նշված հատվածի բնակիչներին  իրենց տների առջեւ թեկուզ կարճատեւ կայանման հնարավորություն տալով:

Սմբատ Գրիգորյան