Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, այսօր՝ հունիսի 3-ին, քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ հայտարարելու խնդրին:
Նա նշել է, որ մրցույթի նպատակը այս հարցում մասնագիտական առաջարկություններ ստանալն ու քաղաքացիների առաջարկությունները լսելն է:
«Երեւանը զարգացող քաղաք է եւ միշտ պետք է ունենա զարգացման իր տեսլականն ու ծրագրային փաթեթները, ինչը, սակայն, չի նշանակում, թե բոլոր առաջարկությունները կարող են ընդունելի լինել եւ կամ կյանքի կոչվել անմիջապես: Այսօր մենք քաղաքաշինական մի շարք ծրագրեր ենք իրականացնում, որոնց նախագծերը մեզ են փոխանցվել մեր նախորդներից: Մասնավորապես, Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող ավտոմայրուղու ներկայում ընթացող շինարարության նախագիծը մշակվել է դեռեւս 1970-ական թվականներին, եւ մենք այն այսօր կյանքի ենք կոչում: Մենք էլ մեր հերթին պետք է մշակենք տարբեր ծրագրեր, որոնց մի մասը, հնարավորության դեպքում, կիրականացնենք հիմա, իսկ մյուս մասն էլ կփոխանցենք հաջորդ սերունդներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը` հանձնարարելով մայրաքաղաքի մյուս հրապարակների վերակառուցման եւ զարգացման մասով եւս հայտարարել բաց մրցույթներ:



























