Երեւանում գործող ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու նպատակով ոստիկանության, ինչպես նաեւ համապատասխան այլ կառույցների հետ կազմակերպվել են համատեղ համալիր միջոցառումներ: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշել է առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը: Նրա խոսքով՝ հանձնարարվել է աշխատանքները շարունակել եւ հարցը մշտական հսկողության տակ պահել:

Գյուղատնտեսական մթերքների առեւտրի ակտիվացման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել շուկաներում սանիտարական նորմերի պահպանումն ու թերացումներ արձանագրելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ: Հանձնարարվել է նաեւ առաջարկություններ ներկայացնել գյուղմթերքների նոր շուկաների կազմակերպման վայրերի մասով:

Զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը փողոցների, մայթերի, այգիների եւ բակային տարածքների մաքրման աշխատանքների, ինչպես նաեւ անշարժ գույքի սեփականատերերի կամ վարձակալների կողմից իրենց օբյեկտների հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման եւ այլ աշխատանքների իրականացման նկատմամբ: Պարտավորությունները  թերի կատարած 64 տնտեսվարող  ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է յուրաքանչյուր վարչական շրջանում հայտարարել հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման մրցույթ եւ պարգեւատրել լավագույն տնտեսվարողներին:

Ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման եւ ընթացիկ նորոգման աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ ընթացող աշխատանքների որակի ապահովման նկատմամբ իրականացվում է  մշատական հսկողություն:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ առաջնահերթության կարգով, համաձայն ծրագրի, արդեն իսկ փոխարինվել եւ վերականգնվել է Երեւանի տարածքում գտնվող հնամաշ եւ վթարավտանգ համարվող 231 էլեկտրասյուն: 

«Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրենը զեկուցել է, որ ընթացքի մեջ են հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգերի տեղադրման աշխատանքները: