Գյուղատնտեսական նպատակներով վարկավորման ծավալները կազմում են 115 մլրդ դրամ, կամ ընդհանուր վարկային ներդրումների (1.7 տրլն դրամ) մոտ 7%-ը: Այդ մասին այսօր` հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

Նրա տեղեկացմամբ` 2012 թ. տվյալներով չաշխատող են եղել գյուղատնտեսական վարկերի մոտ 5%-ը, ինչը շատ ցածր ցուցանիշ է, հաշվի առնելով գյուղատնտեսական գործունեության ռիսկայնությունը:

Ինչ վերաբերում է մայիսի 12-ին կարկուտից տուժած Արմավիր մարզի հողագործների վարկերին, ապա, ըստ Ա. Գրիգորյանի, դրանք ընդհանուր վարկային ներդրումների մեջ մեծ տեսակարար կշիռ չեն կազմում, հետեւաբար` ֆինանսական կայունության վրա շոշափելի ազդեցություն թողնել չեն կարող:

Ներկայում հողագործներին վարկեր տրամադրած բանկերը ինտենսիվ բանակցում են այդ վարկերի պայմանները վերանայելու համար: Ա. Գրիգորյանի խոսքով` բանկերն իրենք նախընտրում են իրենց տոկոսային եկամուտների հաշվին մասնակի փոխհատուցել գյուղացիների կորուստները:

Ա. Գրիգորյանը նշեց, որ գյուղացիներին տրված վարկերը չեն սառեցվում, քանի որ նման քայլն իր մեջ ռիսկեր է պարունակում: