Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին երկրորդ անգամ են վիրահատել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ Կենտրոնական կայազորի Զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատրյանը :
Նա նշեց, որ փոքր վիրահատական միջամտություն է եղել, գոտկային շրջանում` կողերի ետեւից, հանել են գնդակը: Այժմ գնդապետի վիճակը գնահատվում է կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում:
Արամ Ասատրյանի խոսքով` Արտակ Բուդաղյանը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում եւ դեռեւս վաղ է եզրակացություններ անել: Չի բացառվում, որ բարդություն լինելու դեպքում նրան նորից վիրահատեն:
Արտակ Բուդաղյանը միացված չէ արհեստական շնչառության ապարատին, շնչում է ինքնուրույն, աչքերը բացում է, կարողանում է խոսել, սակայն նրան չեն ծանրաբեռնում եւ վիճակը այնպիսին չէ, որ հարցեր տան:
Առայժմ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի այցելել նրան, սակայն հնարավոր է այցելի:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան:
Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:
Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Արտակ Բուդադյանը գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալում եւ նրա վիճակը ծայրահեղ ծանր կայուն է, Նիկոլայ Աբրահամյանի վիճակը` կայուն ծանր:
Դեպքի կապակցությամբ կան ձերբակալվածներ, նախաքննությունը շարունակվում է: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը
Ձերբակալվել է Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Սուրենի Խաչատրյանը: Ձերբակալվածների թվում է նաեւ Սյունիքի մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, ով, ի դեպ, ոչ վաղ անցյալում եւս հայտնվել էր սկանադալային միջադեպի կենտրոնում, սակայն այդպես էլ պատասխանատվության չէր ենթարկվել:




























