Սյունիքի մարզպետի պարտականությունները ժամանակավորապես կատարելու, իսկ հետագայում մարզպետ նշանակվելու համար շրջանառվում են մի շարք անուններ, այդ թվում` Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, սյունեցի Խաչիկ Ասրյանի անունը: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հեռուստատեսությամբ է լսել Սուրեն Խաչատրյանի` իր լիազորությունները ժամանակավորապես վայր դնելու մասին: «Ասրյան Խաչիկը չի կարող մարզպետի պաշտոնակատար լինի, որովհետեւ Ասրյան Խաչիկը սպորտի փոխնախարարն է, իսկ մարզպետն ունի երկու պաշտոնակատարներ, որոնցից մեկը պետք է կատարի պարտականությունները»,- նշեց նա:
Նա շեշտեց, որ մարզպետների հրաժարականների ընդունումը եւ նոր մարզպետների նշանակումը տեղի է ունենում Հայաստանի Կառավարության կողմից: «Սուրեն Խաչատրյանի հրաժարականը Կառավարությունը պետք է ընդունի կամ չընդունի: Ինչ վերաբերում է իմ թեկնածությանը, ես այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Ես այս պահին Սպորտի փոխնախարարի պարտականությունները իմ աշխատանքային ռեժիմով, նորմալ ռեժիմով իրականացնում եմ»,- ասաց նա` հավելելով, որ Սյունիքի մարզպետի պաշտոնի հետ կապված իր հետ որեւէ քննարկում, առաջարկ չի եղել:
Հարցին, թե եթե ձեզ մարզպետի պաշտոնը առաջարկեն, որ պաշտոնը կգերադասեք, նա պատասխանեց. «Այն պաշտոնը, որը ավելի շատ օգուտ կբերի իմ պետության անընդհատ հզորացման գործընթացներին եւ կլինի Հանրապետության նախագահի որոշումը, ուրեմն` այդ պաշտոնը ինձ համար ավելի գերադասելի կլինի»
Նա, միջադեպից հետո չի հանդիպել Սուրեն Խաչատրյանին, ով, շրջանառվող տեղեկությունների համաձայն, այժմ գտնվում է Երեւանում: «Չեմ հանդիպել, որովհետեւ ծանրաբեռնված գրաֆիկով եմ աշխատում: «Լավագույն մարզական ընտանիք» մրցումները սկսվել են»,- նշեց նա:
Հարցին, թե եթե ձեզ նշանակեն մարզպետի պաշտոնում, կկարողանաք մարզպետի պարտականությունները կկատարեն, թե ոչ, նա պատասխանեց. «Ասրյան Խաչիկը ապրել, ապրում է հետեւյալ սկզբունքով` այն զինվորը, որը չի ուզում գեներալ դառնալ, զինվոր չէ կամ զինվոր կոչվելու իրավունք չունի»: Դիտարկմանը, թե մարզպետ-փոխնախարար պաշտոնի համեմատությունը գեներալին ձգտելու վիճակն է, նա ասաց, որ դա փոխաբերական իմաստով է ասում:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան:
Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:
Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Արտակ Բուդադյանը գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալում եւ նրա վիճակը ծայրահեղ ծանր կայուն է, Նիկոլայ Աբրահամյանի վիճակը` կայուն ծանր:
Դեպքի կապակցությամբ կան ձերբակալվածներ, նախաքննությունը շարունակվում է: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը
Ձերբակալվել է Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Սուրենի Խաչատրյանը: Ձերբակալվածների թվում է նաեւ Սյունիքի մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, ով, ի դեպ, ոչ վաղ անցյալում եւս հայտնվել էր սկանադալային միջադեպի կենտրոնում, սակայն այդպես էլ պատասխանատվության չէր ենթարկվել:
Նշենք, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ժամանակավորապես վայր է դրել իր լիազորությունները: Այս մասին նա հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում եւ Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչեւ նախաքննության ավարտը եւ արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլեւս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»:



























