Լոռիի մարզի մի շարք բնակավայրերում, հունիսի 2-ին, ուժեղ քամի է գրանցվել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, մասնավորապես Վանաձորում քամին ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի սկզբնամասում ծառ է տապալել, կոտրած ճյուղերն ընկել են լուսացույցերի վրա, ինչի արդյունքում պոկվել եւ գետին են ընկել հոսանքալարեր: Ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի:  Ծառեր են տապալվել նաեւ Վանաձորի այլ փողոցներում:

Կատարվածի մասին NEWS.am-ի Լոռիի թղթակիցը տեղյակ է պահել Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանին, վերջինս խոստացել է կարճ ժամանակահատվածում վերացնել խնդիրը: NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ՝ Վանաձորում «դարն ապրած» ծառերը շատ հաճախ նույնիսկ թեթեւ քամուց տապալվում են՝ վտանգ ներկայացնելով թե ճանապարհով երթեւեկող վարորդների, եւ թե քաղաքացիների նկատմամբ:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի