Եթե թուրքական խոշոր քաղաքներում բողոքի ակցիաների արդյունքում Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը չհեռանա պաշտոնից, նշանակում է  Քեմալ Աթաթուրքի Թուրքիան այլեւս չկա, դրա փոխարեն կա Ռեջեբ Թայիփ Էրդողանի Թուրքիան: Այս մասին NEWS.am-ին ասաց Մերձավոր Արեւելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին:

Նրա խոսքով,  զանգվածային բողոքի մասին իմաստ ունի խոսել, եթե Էրդողանը հեռանա վարչապետի պաշտոնից: «Էրդողանի գոյությունը նվազագույն չափով իսկ համապատասխան չէ ոչ տարածաշրջանի խաղաղության, ոչ թուրքական  աշխարհաքաղաքական եւ կայսերական հավակնություններից հրաժարվելու եւ հարեւանների հետ հարաբերությունների նորմալացման հետ»,-նշեց ռուսաստանցի քաղաքագետը` ընդգծելով, որ մինչէրդողանյան Թուրքիան, բոլոր թերություններով հանդերձ,  տարածաշրջանային գերտերության ձգտում չուներ, իսկ հիմա առկա է:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ի առավոտյան շարունակվում են Թուրքիայի կառավարության եւ անձամբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականի պահանջներով բողոքի ցույցերը: Ցուցարարները վարչապետին բռնապետ են անվանում: Ձերբակալվել է 1,7 հազար մարդ:  Ստամբուլի կենտրոնում  «Գեզի» զբոսայգու ծառահատման պատճառով սկսված բողոքի շարժումը  տարածվել է թուրքական 67 քաղաքներում: Մայիսի 31-ից սկսած բողոքները չեն դադարում Ստամբուլում, Անկարայում, Անթալիայում, Իզմիրում եւ Կոնիայում: