Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բողոքի ակցիայի 500 մասնակից է ձերբակալվել, բողոքի  դուրս եկածների թվում կան անձինք, որոնց կյանքին վտանգ է սպառնում, իսկ նրանցից մեկը հաշմանդամ է դարձել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական տարբերակի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

Նրա խոսքով` ոստիկանների եւ բողոքավորների միջեւ բախումները շարունակվում են եւ տարածվել են թուրքական գրեթե բոլոր քաղաքներում: Նա կարծիք հայտնեց, որ դրանք աստիճամբար կմարեն, քանի որ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ցուցարարների պահանջները լսվել են, սակայն ժողովրդավարությունը միայն դիմակայություն չի նշանակում: «Ժողովուրդը հայտնեց իր մտահոգությունը եւ դա լսվեց, համապատասխանաբար բողոքի դրսեւորումներն աստիճանաբար կմարեն» ,-նշեց Էստուկյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ի առավոտյան շարունակվում են Թուրքիայի կառավարության եւ անձամբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականի պահանջներով բողոքի ցույցերը: Ցուցարարները վարչապետին բռնապետ են անվանում: Ձերբակալվել է 1,7 հազար մարդ:  Ստամբուլի կենտրոնում  «Գեզի» զբոսայգու ծառահատման պատճառով սկսված բողոքի շարժումը  տարածվել է թուրքական 67 քաղաքներում: Մայիսի 31-ից սկսած բողոքները չեն դադարում Ստամբուլում, Անկարայում, Անթալիայում, Իզմիրում եւ Կոնիայում: