Հայաստանի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ Վարդան Ավետիսյանը մեկնաբանում է իր` Սյունիքի մարզպետ նշանակվելու մասին լուրերը: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նման տեղեկություններ միայն լրատվամիջոցներում են շրջանառվում, իսկ պաշտոնական որեւէ քննարկում  իր հետ չի եղել:

«Երկրում գոյություն ունի իշխանություն, հանրապետություն նախագահ, դա նախագահի որոշելիք հարցն է: Եթե հարցը նախագահի կողմից բարձրացվի, նախագահը  որոշում կայացնի եւ ընդունի, որ պետք է ոչ թե մարզպետ գնալ, այլ` անգամ սահմանն անցնել, ես պատրաստ եմ եւ սահմանն անցնել, այնպես որ դա երկրի նախագահի որոշելիք խնդիրն է, իմ ցանկությունից չի բխում: Շատ հաճախ մարդկանց ցանկությունները, երբ իրականության հետ զուգահեռ ես անցկացնում, աղերսներ է ունենում, ես չեմ ուզում հուսախաբվել ցանկություններով, տրվել սուտ ու սին կրքերի եւ կուռքերի»,- նշեց նա:

Մեր դիտարկմանը, թե ամեն անգամ Սյունիքում ինչ-որ սկանդալային  միջադեպից հետո շրջանառվում է իր անունը` որպես մարզպետի հավանական թեկնածու, Վարդան Ավետիսյանը նկատեց, որ «Սյունիքի կռված, ճամփա անցած, վաստակ ունեցող, կարգին կենսագրություն ունեցող մարդկանցից եմ, չեմ ուզում քաչալս գովել, բայց եթե ինձ տեսնում է ժողովուրդը, ուրեմն`  ճիշտ եմ ապրել այնտեղ, դրա համար ժողովուրդը ցանկանում է մի մարդու տեսնել, ով ունի իր «այո»-ն, եւ «ոչ»-ը, սուտ եւ սին խոստումներով չի հուսախաբվում»:

Վարդան Ավետիսյանը շեշտեց, որ ինքը կլինի այնտեղ, որտեղ ավելի շատ անհրաժեշտ կլինի ծառայել ժողովրդին եւ ապրել ժողովրդի համար, այդտեղ նա պատրաստ է իր կյանքը ներդնել: Հարցին, թե վերջերս միտում կա, բարդ կառավարվող մարզերում մարզպետների նշանակել ուժային կառույցների ներկայացուցիչներին, այս առումով չեք տեսնում ձեզ այնտեղ, նա պատասխանեց. «Իմ տեսնելով չի,  ես չպետք է տեսնեմ եւ որոշեմ, տեսնողները ավելի լավ են տեսնում բարձրից, քան ես ցածրից պետք է տեսնեմ: Սարի վրայից ավելի լավ է երեւում, թե ինչ կա ձորում, ձորում գտնվողը ի՞նչ պետք է իմանա, թե սարի գագաթին ինչ կա»:

Անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած ողբերգական դեպքերին` ՊՆ պաշտոնյան նշեց, որ չի ընդունում նման երեւույթները, երբ հայը հայի վրա զենք է կիրառում եւ ձեռք է բարձրացնում, անկախ նրանից, թե ով է մեղավորը եւ ով է դատապարտվողը: «Ես դատապարտում եմ նման երեւույթները, գնահատականը ինչո՞ւ պետք է ես տամ, թող իշխանությունները տան եւ իրավապահ մարմինները»:

Վարդան Ավետիսյանը նշեց, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ շփումներ չունի, բայց կարծում է, որ մարզպետը ափսոսել եւ զղջացել է, որ չի կարողացել կանխել նման երեւույթը: Մեր հարցին, թե Սյունիքում կրիմինալ կա` նա նկատեց. «Եկեք երեւույթները իրենց անուններով անվանակոչեք, ինչի՞ պիտի վախվորենք եւ լեղապատառ վախենանք, իրական բառերից ճողոպրենք եւ չասենք: Կրիմինալ երեւույթ է, ուրիշ ոչ մի բան, դատապարտելի է, եւ իրավապահ մարմինները իրենց խոսքը կասեն»:

Դիտարկմանը, թե շատ տխուր փորձ կա, նախկինում Սյունիքի մարզպետը էլի սկանդալների կենտրոնում է հայտնվել, սակայն երբեք չի դատապարտվել եւ այսօրվա միջադեպի մեջ կա իշխանությունների, իրավապահների մեղավորությունը, նա նկատեց.  «Ես կարծում եմ, որ բոլորս ենք մեղավոր, ոչ միայն իրավապահները, իրավապահների վրա չբարդենք, բոլորս ենք մեղավոր, եւ դուք, եւ ես, եւ իրավապահները: Եթե մենք լինենք արդարացի, ճշմարտախոս, անկեղծ եւ համարձակ, համոզված եմ, որ նման երեւույթները կբացառվեին, իսկ ինչ-որ տեղ միշտ վախվորած ենք, միշտ ինքնաբավ, միշտ խուսանավող, միշտ շրջահայաց եւ միշտ ձգտում ենք, որ ամեն ինչ ընկալենք եւ դիտարկենք մեր շահերի տեսանկյունից»:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան:

Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:

Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Արտակ Բուդադյանը գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալում եւ նրա վիճակը ծայրահեղ ծանր կայուն է, Նիկոլայ Աբրահամյանի վիճակը` կայուն ծանր:

Դեպքի կապակցությամբ կան ձերբակալվածներ, նախաքննությունը շարունակվում է: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը

Ձերբակալվել է Սուրեն Խաչատրյանի որդին`  19-ամյա Տիգրան Սուրենի Խաչատրյանը: Ձերբակալվածների թվում է նաեւ Սյունիքի մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, ով, ի դեպ, ոչ վաղ անցյալում եւս հայտնվել էր սկանադալային միջադեպի կենտրոնում, սակայն այդպես էլ պատասխանատվության չէր ենթարկվել:

Նշենք, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ժամանակավորապես վայր է դրել իր լիազորությունները: Այս մասին նա հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում եւ Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչեւ նախաքննության ավարտը եւ արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլեւս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»: