Հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ը եւ Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակը լրագրողներին ներկայացրին ականների ազդեցության վերաբերյալ ոչ տեխնիկական հետազոտության արդյունքները։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում.
«ՉԻ-ն փորձեց հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Յ. Օստենդալից ճշտել, թե ինչո՞ւ Շիրակի մարզը եւս ընդգրկված չէ Հայաստանում ուսումնասիրված մյուս մարզերի ցանկում՝ նկատի ունենալով, որ Վահրամաբերդ գյուղի մոտակայքում ականի պայթյունից երկու երեխա էր զոհվել։
Մինչ Օստենդալը կփորձեր պատասխանել, ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը շտապեց անձամբ պարզաբանումներ տալ՝ նշելով, որ դա Հայաստանի կառավարության տակ չէ, Ռուսաստանի զորամասում է եղել, իրենց պոլիգոնում։
Այնուհետեւ հարցին անդրադարձավ նաեւ Օստենդալը։ «Երբ միջազգային կազմակերպությունը մուտք է գործում մի երկիր, որն ունի խնդիր չպայթեցված միավորների հետ կապված, սովորաբար իր վրա չի կարող վերցնել ոորեւէ պատասխանատվություն։ Իհարկե, մեր ուշադրությունից չէր կարող վրիպել այդ դժբախտ պատահարը։ Բայց, ցավոք, իշխանությունների կողմից մենք տվյալ տարածքում աշխատելու առաջարկ չենք ունեցել»»,- մեջբերում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























