Հանրապետության հրապարակի վերակառուցման հարցը նախ պետք է մանրամասն քննարկվեր Ճարտարապետական հանձնաժողովում, ապա տեղափոխվեր քաղաքաշինական խորհրդի նիստ, ինչը չարվեց։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։
Նա նշեց, որ մրցույթի պայմանները պետք է քննվեր մանրամասն, որոշվեին պարամետրերը, մրցույթը անցկացնելու սահմանները, ինչը չկայացավ, մինչդեռ պետք է այդ ամենից հետո հարցը քննվեր քաղաքաշինական խորհրդի նիստին։
Մկրտիչ Մինասյանը շեշտեց, որ շտապելու կարիք չկար, քանի որ հրապարակը ինքնաբավ է, իհարկե կան որոշակի բաներ, որոնք կարելի է ուղղել։
«Հանրապետության հրապարակը դեռ կարող է իր գործունեությունը լիարժեք ապահովել եւ լիարժեք ծառայել իր քաղաքացիներին, շտապողականության հիմք չկա, կարելի է այդ ամենի մասին խոսել, բայց այս շուտափույթ, առանց տեքստը ճշտելու մրցույթ հայտարարելը մտավախություններ է առաջացնում»,- ասաց նա՝ շեշտելով, որ հնարավոր է մրցույթի արդյունքում աղճատվի հրապարակի տեսքը, «այդ տեքստի մեջ ամեն ինչ հնարավոր է նախատեսել»։
Ճարտարապետը նշեց, որ այդ մրցույթի պայմանների մեջ մի քանի նախադասություններ կան, որոնք իրեն անհանգստացրել են, մասնավորապես՝ այն, որ որոշ շենքեր փոխելու են գործառնական նշանակություն, խոսքը ԱԳՆ-ի եւ կապի ու տրանսպորտի նախարարության շենքերի մասին է։
Մյուս նախադասությունը, որը անհանգստացրել է ճարտարապետին, այն է, որ առաջարկվում է վերակառուցել Հանրապետության հրապարակը եւ դրան հարող տարածքը, ծավալատարածական զարգացում նշանակում է այդ շենքերի զարգացում։
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը բաց մրցույթ է հայտարարել Հանրապետության հրապարակի վերակառուցման համար: Ինչպես նշեց Երեւանի ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, պետք է լուծում տրվի հրապարակի տակ ստորգետնյա կայանատեղիներ կառուցելու, հրապարակի կենտրոնում կառուցված գորգային հատվածը շահագործելու, ինչպես նաեւ Լենինի արձանի տեղում որեւէ բան կառուցելու կամ չկառուցելու խնդիրներին:




























