Լիբանանի Տրիպոլի քաղաքում սուննիների եւ ալավիների բախման արդյունքում մահացածների եւ վիրավորվածների թվում հայեր չկան` թեեւ Տրիպոլիում ու դրա շրջակայքում ապրում են մոտ 1000 հայեր:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լիբանանում լույս տեսնող հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:
Նրա խոսքով` այս պահին քաղաքում տիրող իրավիճակն անվտանգ չէ. «Թեեւ Տրիպոլիում հայերի թիվը փոքր է, այնտեղ կա եկեղեցի եւ դպրոց: Մարդկային զոհեր եւ նյութական կորուստներ հայերը դեռեւս չունեն: Այդուհանդերձ իրավիճակը բարդացնում է քաղաքում դիպուկահարների առկայությունը, ինչը բնակչության մոտ խուճապ է առաջացնում: Ուսումնական հաստատություններն արդեն փակվել են»: Կանդախարյանը նշել է, որ թեեւ այս պահին Տրիպոլիում հարաբերական անդորր է, դա երաշխիք չէ, որ բախումները չեն վերսկսվի: Նա միաժամանակ նշեց, որ այս իրադարձությունները չեն ազդել Բեյրութում տիրող իրավիճակի վրա:




























