Թաթարստանի ոստիկանությունը ձերբակալել է կնոջ եւ երեխաների սպանության մեջ կասկածվող տղամարդուն: Կասկածյալ Նիկոլայ Արսենեւին հայտնաբերել են Շեշմա գետի ափին` Նովոշեշմինսկից (որտեղ տեղի է ունեցել սպանությունը) 500կմ հեռավորության վրա:

Հետաքննական հանձնաժողովի տեղեկացմամբ` ձերբակալվածի վիզը կտորով փաթաթված է եղել, իսկ դրա տակ վնասվածքներ են հայտնաբերել, որոնք նա կարող էր ստանալ կախվելու փորձ կատարելիս:

«Ինտերֆաքս»-ի տվյալներով` ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 4-ի վաղ առավոտյան Նովոշեշմինսկում գտնվող սեփական տանը: Արսենեւը, որը ընտանիքից հեռացել էր մի քանի ամիս առաջ, վերադարձել է տուն, որտեղ քնած են եղել կինը եւ 3 երեխաները (առաջին ամուսնությունից կնոջ 10-ամյա աղջիկը եւ նրանց համատեղ 2 տղաները` 2 տարեկան եւ 2 ամսական) եւ նրանց դանակով հարվածներ հասցրել: Փրկվել է միայն 10-ամյա աղջիկը, որը վազել է հարեւանի տուն եւ խնդրել ոստիկանություն կանչել:

Նիկոլայ Արսենեւը հաշվառված է հոգեբուժական դիսպանսերում: Մինչ այդ 1991 եւ 1993 թվականներին նա դատված է եղել սպանության, իսկ 1998թ խուլիգանության համար: Բոլոր այս դեպքերում նա ջրից չոր է դուրս եկել, քանի որ ճանաչվել է անգործունակ եւ ուղարկվել ստացիոնար բուժման: