NEWS.am-ը ներկայացնում է ֆրանսիական «L`Humanité» պարբերականում հրապարակված մեկնաբան Հասան Զերուկիի հոդվածը որոշակի կրճատումներով.
Թուրքիայի ավելի քան քսան քաղաքում, այդ թվում` Անկարայում եւ Ստամբուլում, տեղի ունեցած բողոքի ցույցերը վկայում են Թուրքիայում խորը անհանգստության մասին` Արդարություն եւ զարգացում կուսակցության ավելի քան մեկ տասնամյակ կառավարումից հետո:
Իհարկե, ԱԶԿ-ն ընտրություններում հաղթում է 2002թ-ից, անգամ չնայած նրան, որ 2011թ. խորհրդարանական ընտրություններում մի փոքր նահանջեց: Այդուհանդերձ, չնայած պետության աշխարհիկ բնույթին ու ազատությունները չսահմանփակելու հավաստիացումներին, իսլամական-պահպանողական կուսակցությունն աստիճանաբար պակասեցնում է աշխարհիկությունը` հասարակության իսլամականացման եւ աճող ավտորիտարզիմի համապատկերում:
Այսպիսով, հնազանդեցնելով բանակն ու արդարադատության համակարգը, ԱԶԿ-ն գրոհ սկսեց մտավորականության ներկայացուցիչների եւ լրագրողների դեմ` նրանցից ոմանց մեղադրելով քրդական կուսակցության հետ կապերի կամ Հայոց ցեղասպանության հիշատակումների համար:
Ձերբակալված 70 լրագրողներից ոմանք արդեն դատապարտվել են ազատազրկման, մնացածը կդատապարտվեն, հավանաբար, առաջիկայում: Բացի գրաքննության վերադարձը, Էրդողանն սկսեց բարոյախոսություն կարդալ թուրք երիտասարդության համար` ասելով, որ «կրոնական երիտասարդության ձեւավորումն» ավելի լավ է, քան ալկոհոլին եւ թմրանյութին հակված երիտասարդությունը: Այս փաստերը, որին պետք է ավելացնել նաեւ թուրքերի մեծ մասի` սիրիական հակամարտության մեջ իրենց երկիրը ներգրավելու մերժումը, անհանգստացնում է թուրքերի 50%-ին, հիմնականում երիտասարդներին, որոնք չեն ընդունում մահմեդական ինքնությունը, որը ցանկանում է հաստատել ԱԶԿ-ն: Ուստի այդ երիտասարդները ցանկանում են լսելի դարձնել մեկ ուրիշ ձայն, որը տարբերվում է իսլամական-պահպանողական կառավարության ձայնից:



























