«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ն արձագանքել է իր կողմից «Գնումների աջակցման կենտրոն»-ի համակարգի մոնիթորինգի վերաբերյալ վերջինիս պարզաբանմանը:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ի պատասխան «Գնումների աջակցման կենտրոն» (ԳԱԿ) ՊՈԱԿ-ի արձագանքի  «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ ՀԿ) հարկ է համարում տալ հետեւյալ պարզաբանումները.

1) ԹԻՀԿ ՀԿ-ն իրականացնում է գնումների համակարգի մոնիտորինգ, որի շրջանակներում բողոքների մասով մոնիտորինգը հիմնվում է բացառապես պետական մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության վրա (www.procurement.am): Մեր կողմից հրապարակման համար հիմք է հանդիսացել գնումների պաշտոնական կայքի «Բողոքարկում» բաժնում ներկայացված տեղեկատվությունը, ինչի արժանահավատության մասով ԳԱԿ-ի մոտ, ենթադրում ենք, որ տարակուսանք չպետք է լիներ:

2) Գնումների պաշտոնական կայքի «Բողոքարկում» բաժնում ներկայացված հայտարարությունների դիտարկումից երեւում է, որ «Էկոլոգիա Վ. Կ. Հ.» ՍՊԸ-ն ս. թ. ապրիլի 4-ին ԳԱԿ է ներկայացրել բողոք: Չնայած նրան, որ, համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի, բողոքի քննությունը պետք է իրականացվի 20 օրացուցային օրվա ժամկետում, գնումների պաշտոնական կայքում մայիսի 30-ի դրությամբ որեւէ պարզաբանում «Էկոլոգիա Վ. Կ. Հ.» ՍՊԸ հայտարարության ճակատագրի մասով առկա չի եղել: Ինչ վերաբերում է մեր հրապարակմանը ԳԱԿ-ի կողմից տրված պարզաբանմանը, ըստ որի գործը գտնվել է դատական վարույթում, ապա լավ կլիներ, որ դրա մասին տեղեկատվությունը մատչելի լիներ հանրության համար, ինչը կվկայեր օրենսդրական նորմերի եւ ժամկետների պատշաճ կատարման մասին:

3) Պարզաբանում ենք նաեւ, որ ԹԻՀԿ մոնիտորինգային ծրագրի մեթոդաբանությունը չի ենթադրում կայքում նման խնդիրների բացահայտման դեպքում դրանց վերաբերյալ դիմում ԳԱԿ-ին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն հանրային գնումների մոնիթորինգի ծրագրի շրջանակներում իրականացրել է բողոքարկման խորհրդի գործունեության, նրա կողմից ընդունված որոշումների եւ մեկ անձից գնումների վերաբերյալ տվյալների ուսումնասիրություն եւ մի շարք բացթողումներ եւ թերություններ արձանագրել: 

Ապա դրան արձագանքելն է «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը: