Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ կոնյակի ակցիզը հաշվարկում են վերջնական գնից (ներառյալ շշի արժեքը): Այդ մասին այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ Ազգային Ժողովում 2012 թ. բյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ):
Նրա տեղեկացմամբ՝ գործարարները խուսափում են կոնյակը թանկարժեք շշերի մեջ լցնել, քանի որ այդ դեպքում ակցիզային հարկը կավելանա: «Ստացվում է՝ տարբեր շշերի մեջ լցված նույն կոնյակը տարբեր կերպ է հարկվում»,- ասաց Ա. Պետրոսյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը որեւէ առարկություն չներկայացրեց, թեեւ մինչ այդ նշել էր, որ կոնյակագործությունն ու գինեգործությունը կառավարության կողմից ընտրվել են որպես զարգացման գերակա ուղղություններ՝ արտահանման խրախուսման առումով:




























