Հայաստանի առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել Ամալյա Նազարեթյանին հոգեբուժարան տեղափոխելու փաստի վերաբերյալ:

«Վերջին շրջանում լրատվամիջոցներով Երեւանի բնակչուհի Ամալյա Նազարեթյանի առողջական վիճակի հետ կապված հասարակական հնչեղությունը հաշվի առնելով` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ ստեղծվել էր մասնագիտական հանձաժողով` գլխավոր մասնագետ Սամվել Թորոսյանի ղեկավարությամբ։

Հանձնաժողովն, ուսումնասիրելով Ա. Նազարեթյանի առողջական վիճակը, եզրակացրել է, որ նա ներկայումս հիվանդ է եւ կարիք ունի հիվանդանոցային բուժման։ Քանի որ նրա հիվանդությունն ունի քրոնիկի վերածվելու, ձգձգվող բնույթ, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո արտահիվանդանոցային պայմաններում տեւական ժամանակ հիվանդի բուժումը կշարունակվի հոգեբույժի հսկողության ներքո»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի քան 10 օր առաջ Երեւանի Կոմիտաս 56 հասցեի 115 բնակարանի բնակիչ, մոտ 70-ամյա Ամալյա Նազարեթյանը տեղափոխվել է Ավանի հոգեբուժական կլինիկայում: «Հայկական ժամանակը» գրել էր, որ Նազարեթյանի բնակարանը զբաղեցնում է նույն շենքի առաջին հարկում գտնվող «Իդեալ» խանութի երկրորդ հարկը: «Եվ ահա, ըստ հարեւանուհու, խանութի տերերը որոշել են շինարարական փոփոխություններ կատարել աոաջին եւ երկրորդ հարկերի միջեւ: Ամալյա Նազարեթյանը որպես բնակիչ դեմ է եղել: Բավական երկար ժամանակ նրա եւ խանութի ներկայացուցիչների միջեւ լարված հարաբերություններ են եղել, քանի որ Նազարեթյանը խնդրով պարբերաբար դիմել է ոստիկանություն: Եվ ահա, օրերից մի օր այս հարեւանուհուն է մոտեցել թաղային ոստիկանը ձեռքին մի թուղթ եւ հորդորել ստորագրել այդ թղթի տակ առ այն, որ Ամալյա Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի: Հարեւանուհին հրաժարվել է ստորագրել, քանի որ այդ կինը հոգեկան խնդիրներ չի ունեցել: Ըստ նրա տեղեկությունների, հարեւաններից որեւէ մեկը չի ստորագրել թղթի տակ: Իսկ արդեն մի քանի օր անց նրանք ականատես են եղել, թե ինչպես է մի մեծ մեքենա կանգնել շենքի բակի տաղավարի մոտ, վեճի ձայներ են լսվել, Ամալյա Նազարեթյանը տարածքում գտնվող շենքի հավաքարարուհուն խնդրել է ասել, որ ինքը հոգեկան հիվանդ չէ. ապա նրան բռնի ուժով դրել են մեքենան ու տարել: Ավելի ուշ հարեւանները պարզել են. որ նրան տեղափոխել են հոգեբուժարան»,- գրել էր թերթը: