Ստամբուլի կենտրոնում «Գեզի» այգու պահպանությանն ուղղված ակցիայից հետո երկրով մեկ տարածված դիմակայության ժամանակ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման հետեւանքով վիրավորված քաղաքացիների թիվը 4 հազար 177 է։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ «Թուրք բժիշկների միությունը» հայտնել է «Գեզի» այգում եւ այնուհետ ամբողջ երկրով մեկ ոստիկանության գործողություններից տուժածների քանակը։  Ըստ ներկայացվածի, այս ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժ կիրառելու հետեւանքով մահացել է 2, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 4 հազար 177 քաղաքացի։ Վնասվածքներ ստացած քաղաքացիներից 43-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Նշենք, որ Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել են «Գեզի» այգու ծառերի մի մասը կտրել՝ այգու այդ հատվածում շինություն կառուցելու եւ ճանապարհ դարձնելու համար, ինչին դեմ են դուրս եկել մի շարք արվեստագետներ, պատգամավոր եւ հասարակական գործիչներ։ Այդուհանդերձ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե որոշումն ընդունված է եւ այգին քանդվելու է։

Մայիսի 31-ի առավոտյան ոստիկանությունը դաժան մեթոդներով ցրել է այգում հերթապահություն անող քաղաքացիներին: Սա մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն Ստամբուլում, այլ ամբողջ Թուրքիայում` առիթ դառնալով լայնամասշտաբ բախումների: