Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամում այս պահի դրությամբ հավաքվել է մոտ 36 մլն դրամ: Այդ մասին այսօր՝ հունիսի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ):
Նրա տեղեկացմամբ՝ 20 մլն դրամ փոխանցել է ՀՀ ոստիկանությունը, զգալի ներդրումներ են կատարել նաեւ պատգամավորները:
Հարցին, թե ինչպե՞ս են ծախսվելու գումարները, Ա. Պետրոսյանն ասաց, որ դա կորոշվի հետագայում, նաեւ լրագրողների մասնակցությամբ:
Ա. Պետրոսյանը նշեց, որ իրոք մարզից ավելացել է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը, քանի որ մարդիկ օրվա հացի, ձմռան նախապատրաստման խնդիր ունեն: «Պատկերացրեք՝ խաղողի այգին ամբողջությամբ ոչնչացվել է, իսկ դեմը՝ ձմեռ կա, մարդը ինչո՞վ ապրի: Ստիպված գնում են արտագնա աշխատանքի»,- ասաց Ա. Պետրոսյանը:
Գյուղացիական վարկերի վերակառուցման հետ կապված առաջացած խնդիրների վերաբերյալ Ա. Պետրոսյանն ասաց, որ գյուղացիները, նոր պայմանագրեր չկնքվելու դեպքում, կարող են զանգել անձամբ իրեն՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում:




























