Լիազորությունները ժամանակավոր վայր դնելու մասին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հայտարարությունը ծիծաղելի ձեւակերպում եւ ցինիզմի դրսեւորում է: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ի մամուլի ասուլիսում հայտարարել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ մեկնաբանելով Գորիս քաղաքի արյունոտ միջադեպը:
Ըստ Քոչարյանի՝ եթե միջադեպն արդար քննության չենթարկվի եւ մեղավորները չպատժվեն, ապա դա կնպաստի երկրում ինքնադատաստանի ինստիտուտի ձեւավորմանը. «Այդ ժամանակ Լիսկայի նման մարդիկ այն աստիճան կսանձարձակվեն, որ նրանց էլ ոչ ոք չի կանգնեցնի»:
Գնահատելով իրադարձությունների հետագա զարգացումը՝ Քոչարյանը նշել է, որ մեծ հույսեր ունի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ կապված, որը պաշտոնյաներից միակն էր, ով Գորիսում կատարվածին պատշաճ գնահատական տվեց: Քաղաքական տեխնոլոգը նաեւ ընդգծեց, որ Սյունիքի մարզպետը պետք է հեռացվի պաշտոնից:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 2-ին տեղի ժամանակով ժ. 00:10-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ կրակոցներ էին հնչել: Զոհվել էր մեկ մարդ՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանը, վիրավորներից մեկը նրա եղբայրն է՝ Արտակ Բուդաղյանը, որը ԼՂՀ-ի զորամասի հրամանատարն է: Ձերբակալվել է մարզպետի որդին՝ 19-ամյա Սուրեն Խաչատրյանը, ինչպես նաեւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am


























