Սումգայիթի ողբերգական իրադարձությունների, հայազգի բնակչության ջարդերի տարելիցի կապակցությամբ մի շարք միջոցառումներ են անցկացրել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը և ֆրանսահայ կազմակերպությունները:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, փետրվարի 28-ին` կիրակի, Ֆրանսիայի հայկական եկեղեցիներում զոհերի հիշատակին մատուցվել է պատարագ, որին ներկա են եղել դեսպանության և հայ համայնքի ներկայացուցիչները: Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը (Conseil de Coordination des Organisations Arméniennes de France – CCAF) ֆրանսիական պետական և ոչ պետական կազմակերպություններին հայտարարություն է ուղարկել` նշելով, որ Սումգայիթի հայազգի բնակչության դեմ կազմակերպված ջարդերին հետևեցին Բաքվում, Գանձակում և Շահումյանում Ադրբեջանի կողմից իրականացված ոճրագործությունները: Հայտարարությանը կից ներկայացվել են Սումգայիթի ողբերգական իրադարձությունների վերաբերյալ 1988թ. ֆրանսիական Le Monde օրաթերթի ռեպորտաժները և 1988թ. հուլիսին Եվրախորհրդարանում ընդունված բանաձևի տեքստը:
Նյութեր են տարածվել նաև Խոջալուում տեղի ունեցած դեպքերի մասին` հղում կատարելով միջազգային հանրության ապակողմնորոշմանն ուղղված Ադրբեջանի կառավարության կողմից շարունակաբար տարածվող աղավաղված փաստերին: Ֆրանսիայում ՀՀ դեսպանի անունից նամակներ են ուղարկվել Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներին, ովքեր աջակցել են 1988թ. հուլիսյան բանաձևի ընդունմանը: Նրանք հրավիրվել են մասնակցելու մարտին Փարիզում կայանալիք Սումգայիթի և Բաքվի ողբերգական իրադարձություններին նվիրված գիտաժողովին:
Հանդիպումների ժամանակ մասնակիցներին բաժանվել է Սամվել Շահմուրադյանի «Սումգայիթի ողբերգությունը» («La Tragédie de Soumgaїt» Samuel Chahmouradian) վերնագրով գիրքը` Ելենա Բոնների և Բեռնար Քուշների նախաբանով:



























