Այսօր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) հկ-ի գրասենյակում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 38-րդ համագումարի արդյունքների ներկայացմանը։
Մայիսի 23-ից 27-ը Ստամբուլում անցկացվել է FIDH–ի 38-րդ համագումարը՝ հաջորդելով 2010-ին Երեւանում տեղի ունեցած 37-րդ համագումարին։ Միջոցառմանը մասնակցել էին իրավապաշտպան կազմակերպություններ շուրջ 100 երկրներից, այդ թվում FIDH–ի հայաստանյան անդամ–կազմակերպություն հանդիսացող Քաղաքացիական հասարակության ինստիտուտը՝ հանձինս խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանի։
Համագումարը եւ դրան նախորդող ֆորումը մեծ հնչեղություն են ունեցել Թուրքիայում։ Միջոցառումներին մասնակցել են Միջազգային քրեական դատարանի նախագահ Սանգ-Հյուն Սոնգը, FIDH–ի նախագահ Սուեր Բելասենը, Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը, Եվրոպական միության Մարդու իրավունքների հատուկ ներկայացուցիչ Ստավրոս Լամբրինիդիսը, իսկ համագումարի փակմանն իր ելույթն է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը։
FIDH–ի 38-րդ համագումարի աշխատանքի ակներեւ արդյունքներից էր մայիսի 30-ին ընդունված հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ բանաձեւը, որով FIDH–ը կոչ է արել Թուրքիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ վերջ տալ Հայաստանի Հանրապետության շրջափակմանը՝ առանց որեւէ նախապայմաների, ու անհապաղ քայլեր ձեռնարկել հայ–թուրքական դիվանագիտական հարաբերությունների ստեղծման ուղղությամբ։
Հատկանշական է, որ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ համատեղ այս բանաձեւի նախաձեռնողներն էին երկու թուրք իրավապաշտպան կազմակերպություններ՝ Մարդու իրավունքների ասոցիացիան եւ Մարդու իրավունքների թուրքական հիմնադրամը։ Համագումարի անցկացման օրերին կազմակերպվեց նաեւ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ FIDH–ի անդամները եւ թուրք իրավապաշտպանները՝ ձեռքերում կրելով սպանված հայ մտավորականների նկարները, ծաղիկներ գցեցին Բոսֆորի նեղուցի ջրերը։
Ինչպես լրագրողների հետ իր զրույցում նշել է ՔՀԻ խորհրդի նախագահ, իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանը, «Հայ–թուրքական հարաբերությունների խնդիրների բարձրաձայնման համատեքստում խորհրդանշական էր, որ Երեւանում անցկացրած 37-րդ FIDH–ի համագումարին հաջորդեց մյուսը՝ Ստաբուլում։ Եվ մեզ համար անչափ կարեւոր էր հասնել այս բանաձեւի ընդունմանը, որը վերահաստատեց ու էլ ավելի հստակեցրեց այն ձեւակերպումները, որոնցով հանդես էինք եկել երեք տարի առաջ»։
Ստորեւ ներկայացնում ենք բանաձեւը, որն ընդունվել է Երեւանում սկիզբ առած հայ եւ թուրք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերի արդյունքում։
«Հիմք ընդունելով հստակ պատմական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ, ինչպես նաեւ ողջունելով այն առաջընթացը, որը գրանցվել է Թուրքիայում՝ այս հարցի շուրջ բաց եւ ազատ բանավեճ ծավալելու ուղղությամբ,
Հաշվի առնելով Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների, գիտնականների, մտավորականների եւ լրագրողների կողմից արվող ճշմարտության եւ արդարության հաստատման բազմաթիվ կոչերը՝
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 2013թ. մայիսի 23–ից 27-ը կազմակերպված Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի /FIDH/ 38-րդ համագումարը Հայոց ցեղասպանության եւ զոհերի հիշատակի 100-ամյակին ընդառաջ կոչ է անում Թուրքիայի Հանրապետության կառավարությունը.
• ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը կազմակերպվել եւ իրականացվել է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության ներքո՝ երիտթուրքերի կառավարության կողմից։
• վերջ տալ Հայաստանի Հանրապետության շրջափակմանը՝ առանց որեւէ նախապայմանների, եւ անհապաղ քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ»:



























