Ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկը սահմանին գանձելուց հրաժարվելու հարցը օրակարգային չէ; Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

«Հանրապետության վարչապետը պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ այդպիսի հարց վերլուծվում է, քննարկվում է, բայց դա օրակարգային հարց չէ: Հարցի արժեքն այնքան բարձր է՝ շուրջ 300 մլրդ դրամ, որ իրատեսական չէ ասել, որ վաղը, կամ մյուս տարի նման բան տեղի կունենա»,- ասաց Ա. Ալավերդյանը:

Նրա կարծիքով՝ նախ պետք է այլընտրանքային եկամտի աղբյուրներ ապահովվեն բյուջեի համար, որից հետո աստիճանական քայլեր մշակել սահմանին գանձումից հրաժարվելու համար: Ընդ որում՝ բոլոր դեպքերում չի կարելի հրաժարվել պերճանքի առարկաների ներմուծումը սահմանին հարկելուց: