Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով հայտարարել է իր լիազորությունները ժամանակավորապես վայր դնելու մասին, Երեւանում է եւ զանազան հանդիպումներ է ունենում: Այսօր լրագրողները նրան տեսել էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Դատելով լրատվամիջոցներում տարածված լուսանկարներից` նա հանդիպել է Արարատի մարզպետ, իսկ նախկինում Սյունիքի մարզպետ Էդիկ Բարսեղյանի եւ Մշակույթի նախկին նախարար, գրող Հովիկ Հովեյանի հետ:
Քանի որ Սուրեն Խաչատրյանը անջատել է հեռախոսը եւ չի պատասխանում լրագրողների հարցերին, փորձեցինք նրա հետ հանդիպած անձանցից ճշտել:
Հովիկ Հովեյանը, լսելով մեր հարցը, անջատեց հեռախոսը եւ այլեւս չպատասխանեց զանգերին: Իսկ Էդիկ Բարսեղյանը նշեց, որ ինքն ամեն օր էլ հանդիպում է Սուրեն Խաչատրյանի հետ: Իսկ այսօրվա հանդիպմանը, նրա խոսքով, դեպքի մասին չեն խոսել: «Ենթադրենք, անձնական զրույց է եղել իմ եւ իր մեջ, ես պետք է ձեզ ասե՞մ»,- նշեց նա:
Էդիկ Բարսեղյանն հանդիմանեց, թե ոչ ոք մեզ իրավունք չի տվել երեկոյան իրեն զանգահարել եւ հետաքրրքվել իր եւ Սուրեն Խաչատրյանի անձնական հարաբերություններով: Նա անջատեց հեռախոսը` չպատասխանելով այլ հարցերի:
Ի դեպ, նշենք, որ Սուրեն Խաչատրյանի լիազորությունները ժամանակավորապես վայր դնելու «անհասկանալի» հայտարարությունից հետո Կառավարությունը այդպես էլ որեւէ մեկնաբանություն չի տվել, մասնավորապես, թե ինչպես կարող է մարզպետը որոշում կայացնել իր լիազորությունները ժամանակավորապես վայր դնելու մասին, երբ օրենսդրությունը նման բան չի նախատեսում, արդյոք կա աշխատանքից ազատման դիմում, հրաման, ով է կատարելու կամ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները, փաստացի մարզը այժմ ղեկավար չունի:
Կառավարությունից լուռ է նաեւ Սյունիքի մարզպետի տեղակալներից Արա Դոլունցը, ով դեպքից հետո չի պատասխանում մեր հեռախոսազանգերին: Փոխարենը` Սյունիքի մարզպետարանը հաղորդագրություն է տարածում` ներկայացնելով մարզպետի տան մոտ տեղի ունեցած դեպքի մանրամասների իր տարբերակը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:
Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել է Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը:




























