Ադրբեջանցին Ռուսաստանի Նիժնի Տագիլ քաղաքում առեւանգել է անծանոթ աղջկան հենց փողոցից, որ ամուսնանա նրա հետ: Իհարկե, ԶԱԳՍ-ի փոխարեն երիտասարդը հայտնվել է ոստիկանությունում:
Քաղաքի ոստիկանության փոխանցմամբ, հունիսի 5-ի երեկոյան շենքերից մեկի մոտ անհայտ անձինք բռնությամբ «Լադա Պրիորա» մեքենան են նստեցրել 17-ամյա աղջկան եւ տարել անհայտ ուղղությամբ: Աղջկա մայրը ահազանգել է դեպքի մասին, եւ մեքենան կանգնեցրել են: Մեքենայում գտնվել են երեք չաշխատող անձինք` երկուսը` 1989թ. ծնված, մեկը` 1994թ. ծնված, եւ առեւանգված աղջիկը:
«Իրենց վայրի արարքը նրանք բացատրել են տղաներից մեկի ամուսնանալու բուռն ցանկությամբ: Սակայն ռուսական օրենսդրությամբ Ադրբեջանի քաղաքացիների նման ռոմանտիկ պոռթկումը տեղավորվում է քրեորեն պատժելի արարքի շրջանակներում»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: Չկայացած փեսացուն ձերբակալված է:

























