Սեւանա լիճը սեւանյան ավանդական նավակներով ռեգատներ (առագաստանավային մրցույթ) անցկացնելու հիանալի վայր կարող է դառնալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Այաս» ակումբի նախագահ Կարեն Բալայանը:
Սեւանի ավանդական նավակների կառուցումը ակումբի նախագծերից է:
«Մենք ավանդական երկու նավակ ենք կառուցել: Դրանք շատ արագընթաց են, դրանցով ռեգատների անցկացումը շատ հետաքրքիր է: Դա մեծ ադրենալին է՝ մեծ արագություն եւ իրարանցում: Նման նավակների մասին առաջին հիշատակումը 10-րդ դարով է թվագրված: Նկարագրություններից դատելով՝ դրանք նույն նավակներն են, որ հանդիպում են 18-19-րդ դարերի նկարներում», - նշել է ակումբի նախագահը:
Նախատեսվում է կառուցել 10 նավակներ եւ միջազգային ռեգատներ կազմակերպել պարբերաբար: Գաղափարն ուժի մեջ է, բայց, ցավոք, առայսօր միայն երկու նավակների հովանավոր ենք գտել: Ավանդական նավակներով ռեգատները միանգամայն այլ մակարդակի են: Բոլորը ձգտում են մասնակցել դրանց: Չէ՞ որ դա պատմություն է, հետաքրքիր է, ստանդարտ չէ, գեղեցիկ է», - վստահ է Կարեն Բալայանը:
Նավակներից մեկի կառուցումը ֆինանսավորել է HSBC բանկի նախկին ղեկավարը, երկրորդը՝ ամերիկյան National Instruments-ի մասնաճյուղը:
«Կիլիկիան» արտաքին աշխարհի համար էր: Սա հայաստանյան նախագիծ է՝ զբոսաշրջիկներին գրավելու համար: Կարեւորն այն է, որ մենք փորձառու ենք: 1994թ.-ից մասնակցում ենք միջազգային մրցումների եւ ի վիճակի ենք բարձրագույն մակարդակով ռեգատներ կազմակերպելու», - ընդգծել է Կարեն Բալայանը:





























