Կայացել է «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի գալա-համերգը, որի ընթացքում հայտարարվել են լավագույնը ճանաչված 6 ներկայացումները:
Գլխավոր մրցանակը (Գրան պրին) ստացել է Երեւանի` Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցը (Լեոնել Բարտ «Օլիվեր»):
Առաջին մրցանակին արժանացել է Արմավիր քաղաքի արվեստի պետական քոլեջը (Լեոնարդ Բերնստայն, «Վեսթսայդյան պատմություն»): Երկրորդ մրցանակը կիսել են Արարատ քաղաքի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցը (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, «Կախարդական սրինգ») եւ Երեւանի Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցը (Ռոբերտ Շերման, «Մերի Փոփինս»), իսկ երրորդը` Դիլիջանի արվեստի պետական քոլեջին կից երաժշտական դպրոցը (Քեյն եւ Քեյն, «Պանդորայի արկղը») եւ Երեւանի Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցը (Ռիչարդ Ռոջերս, «Երաժշտության ձայները»):
Հայտնի են դարձել նաեւ «Լավագույն դերակատարուհի», «Լավագույն դերակատար», «Հանդիսատեսի համակրանք», «Հատուկ մրցանակ» անվանակարգերում հաղթողների անունները:
«Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի հատուկ հյուրերն էին ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Հաղթողները պարգեւատրվել են հատուկ պատրաստված անակնկալ մրցանակներով եւ պատվոգրերով: Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցների կատարմամբ առաջին անգամ հնչել է հատուկ «Հազարան բլբուլ» մրցույթ- փառատոնին նվիրված` «Օրն է երբ բացվում» երգը (երաժշտությունը` Մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջյումյանի, խոսք` Մարինե Թագակչյանի):
Հաղթող խմբերը պարգեւատրվել են հետեւյալ մրցանակներով`
Գրան պրի-«Զեփյուռ» ամառային ճամբար-հյուրանոցում կողմից 2 օր, 1 գիշեր ամառային հանգստի հնարավորություն,
Առաջին մրցանակ- «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի եւ ջրազբոսայգու կողմից մեկանգամյա այցելության հնարավորություն համալիրի ջրազբոսայգի,
Երկրորդ մրցանակ-«Վալենսիա» ՀՁ-ի կողմից մեկանգամյա այցելության հնարավորություն «Ակվատեկ» համալիրի ջրային գոտի եւ «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոն.
Երրորդ մրցանակ-«Թամարա» ընկերության կողմից հատուկ հյուրասիրություն եւ այցելություն ընկերության արտադրամաս,
«Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնը իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:




























