Սուրեն Խաչատրյանին պետք է ձերբակալեն, նրան աշխատանքից ազատելը ամենամեղմ պատիժն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին Բուդաղյանների ազգականներից:
Ազգականները հիշեցին, որ երբ Սասուն Միքայելյանի տնից զենք, զինամթերք էին գտել, նրան ձերբակալեցին, տարան նստացրին: «Ասենք, թե Սուրեն Խաչատրյանը տունը չի եղել, քնած է եղել, ընդհանրապես եղել է Իտալիայում, եթե նրա տանը զենք, զինամթերք են գտնում, նրան պետք է ձերբակալեն չէ՞: Ամենահեշտ պատիժն է իրեն աշխատանքից ազատելը: Բայց հավատացեք, ձերբակալելն էլ մեզ չի բավարարում, դա այն վիշտը չէ, որ հեշտ մոռանանք»,- նշեց ազգականներից մեկը:
Նրանք կողմ են, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հավաքվեն Գորիսում, բողոքի ակցիաներ անցկացնեն, նախատեսվում է նաեւ մոմավառություն կազմակերպել: Հարազատները շեշտեցին, որ նրանց կմիանան բոլոր գորիսեցիները, Բուդաղյան եղբայրների ընկերները: «Ամբողջ գորիսեցի ժողովուրդը պատրաստ է ազատվելու այդ կապանքներից, ճիշտ է, շատերը վախեցած են, բայց ոչ մեկից չի կարելի նեղանալ, ամեն մեկը մտածում է իր երեխայի մասին, պետք չի գորիսեցիներին մեղադրել: Բայց որ իմանան, լսեն, որ նրան ձերբակալել են, ինչքան մարդ կհավաքվի»,- ասաց ազգականներից մեկը:
Նա նշեց, որ միջադեպի տեսագրությունը իրենցից որեւէ մեկը չի տեսել, եւ մեղմ ասած, զարմացած են, թե ինչպես են մարզպետարանում տեսել տեսագրությունը, երբ դա ռազմական ոստիկանության տնօրինության տակ է:
Ազգականներից մեկը պատմեց, որ Սդղնի լճում տեղի ունեցած հավաքույթին մասնակցել է Ավետիս Բուդաղյանը, հավաքույթը նորմալ է անցել, առանց վիճաբանությունների, միջադեպերի, այլապես, եթե նորմալ չանցներ, ինչպես Սուրեն Խաչատրյանը կբերեր Ավետիս Բուդաղյանին ճանապարհելու: Այդ ժամանակ Արտակ Բուդաղյանը գտնվել է մանկական սրճարանում, իր երեխաների հետ տոնել է հունիսի 1-ը: «Եթե հավաքույթին վիճաբանություն լիներ, ոնց կարող էր մարզպետն իր մեքենայով բերեր Ավոյին տեղ հասցներ, հետո նման բան լիներ: Սա է հանելուկը, պարզ չի, թե ինչ եղավ, ով ինչ ասաց»,- հայտնեցին հարազատները: Տուն վերադառնալուց հետո Ավետիս Բուդաղյանը զանգ է ստացել, երեխաներին համբուրել եւ ասել, թե գնում է գործերով:
«Դա թուրքի բան է էլի, բերել, ճանապարհել, հետո կանչել, ետեւից խփել: Ավետիքի կինը ասում է, որ իրեն զանգել են եւ կանչել մարզպետի տուն` սուրճ խմելու, այնտեղ էլի նորից հավաքույթ է եղել: Ավետիսը եկել է երեխաներին համբուրել է, ասել, գնում եմ գործով»,- պատմեցին հարազատները:
Այլ մանրամասների նրանք չեն տիրապետում, թե հետո ինչպես եղավ, որ Սուրեն խաչատրյանի տուն գնաց Արտակ Բուդաղյանը: Բանն այն է, որ Արտակ Բուդաղյանը դեռ չգիտի եղբոր մահանալու մասին, նրա հետ միջադեպից որեւէ բան չեն խոսել:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:
Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել է Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը:
Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունը ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:




























