Սյունիքի մարզպետի տան բակում տեղի ունեցած արյունալի դեպքի տեսագրությունը գտնվում է նախաքննություն իրականացնող մարմնի տրամադրության տակ. այս պահին դրա հրապարակման անհրաժեշտությունը չկա: Այս մասին հայտարարել է Հայաստանի զինդատախազ Գեւորգ Կոստանյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ այժմ դրանք տրամադրվել են փորձագետներին՝ համապատասխան փորձաքննություններ կատարելու համար: «Այնուհետեւ մենք հանրությանը կտեղեկացնենք եւ հնարավորություն կտանք դիտելու հատվածներ, իսկ նախաքննության ավարտից հետո՝ արդեն դատաքննության ընթացքում, նկատի ունենալով, որ դատաքննությունը դռնբաց է, հանրությունը հնարավորություն կունենա ինքնուրույն դիտել ամբողջ տեսաձայնագրությունը եւ գնահատականներ տալ»,-ասել է Կոստանյանը:

Դիտարկմանը, որ փոխհրաձգությանը 4 մարդ է մասնակցել, զինդատախազն ասել է. «Կարող եմ միանշանակ ասել եւ դուք հետագայում տեսաձայնագրություններով կհամոզվեք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի եղել դեպքի վայրում եւ փոխհրաձգությանը չի մասնակցել: Դա փաստ է,  որում դուք ինքներդ կհամոզվեք: Դա արձանագրված է ժապավենի վրա, որը դիտելուց հետո դուք ինքներդ կհամոզվեք դրանում»:

Գեւորգ Կոստանյանը նաեւ երաշխավորել է, որ քրեական գործով կապահովվի քննության օբյեկտիվությունը, լրիվությունն ու ամբողջականությունը։  «Արդարադատությանն ուղղված ցանկացած գործունեություն իր հիմքում ունի մի շարք գործոններ։ Ամենակարեւոր գործոնը հանրային վստահությունն է, որ պետք է լինի: Հետեւաբար, արդարադատությանն ուղղված գործունեությունը պետք է ունենա բարոյական հենք եւ իրավական հիմք: Որեւէ կաշկանդվածություն ոչ միայն չի կարող լինել, այլ որեւէ կաշկանդվածությունը՝ քննիչի, դատախազի, իմ ու հետագայում դատարանի կողմից կարող ենք համարել անբարոյական վարքագիծ»,- հայտարարել է զինդատախազ Գ.Կոստանյանը եւ ավելացրել. «Քաղաքական կամ որեւէ այլ նրբերանգները չեն կարող ազդել նախաքննության օբյեկտիվության ու բազմակողմանիության վրա: Արդեն ասացի՝ այն պարզ պատճառով, որ մենք առնվազն բարոյական պարտականություն ու պատասխանատվություն ունենք առաջին հերթին մեր երեխաների, մեր եւ հանրության առաջ»:

Նա նաեւ նշել է, որ նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս փուլում չեն կարող հրապարակվել, սակայն հանրությանը թույլատրելիության սահմաններում պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի։

Հիշեցնենք, որ դեպքի տեսագրության նկարագրությամբ հայտարարություն է տարածել Սյունիքի մարզպետարանը, ինչը ՀՀ դատախազությությունն անթույլատրելի է համարել: Զինդատախազի խոսքով՝ Սյունիքի մարզպետարանի հայտարարությունը դուրս է այդ կառույցի լիազորությունների շրջանակից: