Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի առջեւ այսօր՝ հունիսի 6-ին բողոքի ակցիա անցկացրին նաեւ մոտ 1 տասնյակ երիտասարդներ, որոնք ներկայացան որպես շահումով խաղերի կազմակերպիչներ: խոսքը վերաբերում է այն շահումով խաղերին, որոնց անվանում են «բռնիչներ» (ռուսերեն՝ хватай-ка):
Այդ սարքերը տեղակայված են Երեւանի եւ հանրապետության մյուս քաղաքների բազմաթիվ վայրերում, հիմնականում՝ մարդաշատ: Խաղացողը հնարավորություն է ստանում հատուկ բռնիչը կառավարելու միջոցով ապակյա արկղից հանել խաղալիք, սիգարետ կամ բջջային հեռախոս: Սակայն ՀՀ ֆինանսների նախարարությունը տարբերակում է մտցրել՝ այն սարքերը, որտեղ խաղարկվում է սիգարետ կամ հեռախոս, 2014 թ. հունիսի 1-ից պետք է դուրս բերվեն մայրաքաղաքից, նրանց նկատմամբ խստացվել են նաեւ հարկային ու լիցենզավորման պահանջները: Իսկ միայն խաղալիքներով խաղերը արտոնություններ ունեն:
Կառավարության շենքի առջեւ հավաքված երիտասարդները պնդում էին, որ միայն խաղալիքով հնարավոր չէ մարդկանց մոտ ազարտ առաջացնել, պետք է կարողանան նաեւ անարգել սիգարետ օգտագործել, որպես շահում: Բացի այդ՝ վերջին շրջանում հարկայինը սկսել է ավելի «ուշադիր» լինել այդ սարքերի տերերի նկատմամբ, ինչն էլ, ըստ երեւույթին, նրանց բերել է կառավարություն: Նշենք, որ մեկ մեքենայի արժեքը 1500 դոլար է, իսկ որոշ ձեռներեցներ շահագործում են մի քանի այդպիսի մեքենա: «Մենք պետք է հնարավորություն ունենան մեր ներդրած գումարները ետ բերել»,- ասում էին նրանք:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանման՝ շահումով է համարվում ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որեւէ կերպ շահման հնարավորություն է ստեղծում: Միաժամանակ օրենքը շահումով խաղերի համար նախատեսում է լիցենզավորման գործընթաց` սահմանելով 5 մլն դրամ տարեկան պետական տուրք:
Հաշվի առնելով փոքր շրջանառություն ունեցող տնտեսավարողներին ֆինանսական պարտավորություններով չծանրաբեռնելու հանգամանքը` ֆինանսների նախարությունը դեռեւս 2008 թ. հայտարարել է, որ խաղալիքներով խաղերը չեն դիտվի որպես շահումով խաղ: Մինչդեռ խաղային ապակե արկղերում հայտնվել են նաեւ ծխախոտ, հեռախոս եւ այլն, որոնք ընդգրկված չեն բացառությունների ցանկի մեջ, հետեւաբար օրենքով սահմանված կարգով ենթակա են լիցենզավորման:




























