Այսօր՝ հունիսի 6-ին, Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ կայացել է սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկայացրել է սիրիահայ դպրոցահասակ երեխաների կրթության կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մասնավորապես անդրադարձել է սիրիական կրթական ծրագրով գործող Կիլիկյան վարժարանում ուսուցման գործընթացի անցկացման եւ հաջորդ ուսումնական տարվա կրթական ծրագրի կազմակերպման հարցերին:

Քննարկման ընթացքում առաջարկություններ են եղել վարժարանում առանձին առարկաների դասավանդումը կազմակերպել արեւելահայերեն դասագրքերով՝ միաժամանակ հստակեցնելով Կիլիկյան վարժարանի կարգավիճակը, հաջորդ ուսումնական տարում ուսուցումը կազմակերպել երկու թեքումով՝ արեւմտահայերենի եւ արաբերենի խորացված ուսուցմամբ:

ՀՀ ԿԳՆ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ներկայացրել է ավագ դպրոցի սիրիահայ շրջանավարտների համար ԲՈՒՀ ընդունվելու համար սահմանված կարգը, որի համաձայն դիմորդներն օգտվում են այն բոլոր արտոնություններից, որոնք նախատեսված են սփյուռքահայ ուսանողների համար:

Օրակարգի համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը ներկայացրել է սիրիահայերին բուժօգնության տրամադրման, ինչպես նաեւ մասնագիտությամբ բժիշկ սիրիահայերին աշխատանքի տեղավորման ուղղությամբ կատարած աշխատանքները: ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ շուրջ 500 սիրիահայ ստացել է հիվանդանոցային բուժօգնություն: 1000-ից ավելին անվճար օգտվել են պոլիկլինիկական ծառայություններից: Աշխատանք փնտրող 73 սիրիահայ բժիշկներից 45-ը ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ աշխատանք է գտել, որոնցից մի քանիսը նաեւ համակարգի կառավարման ոլորտում: Քննարկվեցին նաեւ մարզերում աշխատող սիրիահայ բժիշկների կեցության եւ ոլորտում լուծում պահանջող այլ խնդիրներ:

Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է առաջարկների քննարկման եւ իրականացման ուղղությամբ հետագա անելիքները: