ԱԺ ‹‹Ժառանգություն›› խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը պատգամավորական հարցում է հղել երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ անդրադառնում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի «ժամանակավոր լիազորությունները վայր դնելու» հայտարարության իրավական հիմքերին:

Ստորեւ ներկայացնում ենք պատգամավորական հարցումը.

«Հարգելի պարոն Սարգսյան,

Երեկ երեկոյան ՀՀ կառավարության պաշտոնական կայքում  հրապարակվել է հայտարարություն հետեւյալ վերնագրով` «Ի՞նչ է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ հունիսի 1-ի երեկոյան», որտեղ նկարագրված է, որպես «վկայություն», սույն թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած  հանցագործության մասին՝ իբրեւ ճմարտության վերաբերյալ տեղեկատվություն:  Համաձայն վերը նշված հրապարակման՝ մեջբերում եմ` «Պաշտոնական տեղեկատվության սղության ու ոչ ամբողջականության պատճառով…», «կա մի հարց՝ սկզբունքային նշանակություն ունեցող, որի մասին չենք կարող չխոսել, որի շուրջ լռություն են պահպանում անգամ շահագրգիռ մարմիններն ու լրատվամիջոցները»:

Վերը նշված հրապարակումից հետո, ի պատասխան «Ա1+»-ի հարցման՝ ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել է. «Փորձաքննության փուլում գտնվող տեսագրության բովանդակության վերաբերյալ չլիազորված պետական մարմնի կողմից պաշտոնական հաղորդագրության տարածումն անթույլատրելի է»: 

Հիմք ընդունելով վերոգրյալը եւ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով՝ խնդրում եմ տրամադրել պատասխան պարզաբանում հետեւյալ հարցերի վերաբերյալ.

1. ՀՀ կառավարության պաշտոնական կայքը ինչո՞ւ է հետապնդում անօրինական նպատակ:

2. ՀՀ կառավարության պաշտոնական կայք-էջը ինչո՞ւ է շահագործվում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի, լիազորությունների չարաշահմամբ:

3. Եթե Դուք չեք վերը նշված հրապարակման նախաձեռնողը, ապա խնդրում եմ անցկացնել ծառայողական քննություն եւ հայտնել՝ ո՞ւմ նախաձեռնությամբ է նման հայտարարություն տեղադրվել ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:

4. Պատրաստվո՞ւմ եք վերացնել ապօրինությունը եւ միջոցներ ձեռնարկել՝ պատասխանատվության կանչելու ապօրինություն կատարողին կամ կատարողներին:

5. Պատրաստվո՞ւմ եք ներողություն խնդրել ՀՀ հարկատուներից՝  նրանց գումարներով ֆինանսավորվող ՀՀ կառավարության կայքն ապօրինի օգտագործելու համար:

Ի լրումն այս ամենի՝ խնդրում եմ անհապաղ վերացնել ապօրինի հրապարակումը»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am