Թբիլիսիի դատարանը 100 լարի տուգանքի է ենթարկել «Ազատ գոտի» կազմակերպության 2 անդամների` Դավիթ Գագոխիային եւ Պարնաոզ Չկադուային: Այս մասին հայտնում է «Գռուզիա օնլայն»-ը` նշելով, որ ակտիվիստները ձերբակալվել էին նախօրեին Ռոսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար:
Ինչպես տեղեկացնում է «Նովոստի Գռուզիան», դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիում` Արհմիությունների պալատի մոտ, որտեղ տեղի էր ունենում «Սոցիալ-դեմոկրատները հանուն Վրաստանի զարգացման» կուսակցության ժողովը, որին ներկա էին օտարերկրյա հյուրեր, ինչպես նաեւ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Զուգահեռաբար տեղի էր ունենում հասարակական կազմակերպությունների ակցիան ընդդեմ «ռուսական օկուպացիայի» եւ ի պաշտպանություն նախկին վարչապետ Մերաբիշվիլիի, ում նրանք «քաղաքական զոհ են» համարում:
«Չի՞ կարելի վիրավորել Պուտինին: Իսկ որ նա ռմբակոծեց մեր երկիրը եւ վռնդեց ինձ Աբխազիայից կարելի՞ է: Ես եւս մեկ անգամ կհայհոյեմ Պուտինին եւ միշտ էլ հայհոյելու եմ նրան»,- հայտարարել է ակցիայի ձերբակալված մասնակիցներից մեկը:
Facebook-ի վրացի օգտատերերի մոտ մեծ տարածում ունեն այնպիսի կոչերը, ինչպիսիք են. «Ձերբակալե՛ք ինձ, ես էլ եմ վիրավորել Պուտինին»:

























