«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից «գցված» քաղաքացիների հարցը շարունակում է մնալ օդում  կախված: Այս ընկերության «զոհերից» երգիչ, երաժիշտ Արթուր Իսպիրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ չգիտեն, թե ինչպես է լուծվելու հարցը: Խնդիրն այն է, որ իրենք պայմանագրերը կնքել են «Տոնուս» ընկերության հետ, ով այժմ քաշվել է մի կողմ, որեւէ պատասխան չի տալիս, ընկերության սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանի հետ էլ չի հաջողվում հանդիպել: Բնակիչները ոչինչ չեն կարող պահանջել «Արցախ» բանկից, որտեղ գրավադրված են իրենց բնակարանները:

Նա նշեց, որ այժմ բնակիչները սպասում են ֆինանսների նախարարության պատասխանին, հույս ունեն, որ Կառավարությունը կմիջամտի եւ իրենք կստանան մեր բնակարանները:  Երգիչը իր հիասթափությունը հայտնեց` նշելով, որ այսպես են անում, որ մարդիկ ցանկանում են արտագաղթել Հայաստանից, տարիներով գումար են հավաքել, փայփայել, որ մի օր բնակարան կունենան, բայց պարզվում է, որ ոչ բնակարան ունեն, ոչ էլ գումարի տերն են:

Դիմեցինք Ֆինանսների նախարարություն` փորձելով պարզաբանում ստանալ «Տոնուս» ընկերության կողմից «գցված» բնակիչների խնդրով: Նախարարության տեղեկատվության եւ  հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ թեեւ ծրագիրը մասնավոր է, եւ պետությունը իրավական եւ ֆինանսական առումներով գույքային պատասխանատվություն չի կրում քաղաքացիներին պատճառած վնասների համար` ՀՀ ֆինանսների նախարարությունը ուսումնասիրել է խնդիրը, այն քննարկել կողմերի հետ: «Այս առումով մենք կարծում ենք, որ «Արցախբանկ» ՓԲԸ-ի (որի օգտին գրավադրված են վերոնշյալ շենքերը) եւ քաղաքացիների հանդեպ պարտավորությունների սպասարկման տեսանկյունից անհրաժեշտ է սնանկության ընթացակարգի կիրառում: Արդյունքում` նախ կճշտվեն անձանց պահանջատիրության իրական չափերը, այնուհետեւ հնարավոր կլինի մշակել եւ իրականացնել համապատասխան առողջացման ծրագիր: Նախնական քննարկումներով` «Արցախբանկը» ձեռնպահ կմնա գրավի առարկաների սեփականացմանն ուղղված քայլերից եւ կնախաձեռնի առողջացման ծրագրի մշակումը, ներկայացումն ու իրականացումն այնպես, որ քաղաքացիների հնարավոր կորուստները հասցվեն նվազագույնի, եւ նրանք հնարավորություն կունենան շենքերի շինարարության  ավարտից հետո ստանալ իրենց բնակարանները»: