Ընտրությունները երկրում ավարտվել են, իսկ դա նշանակում է, որ Հայաստանում չի լինի թեժ քաղաքական ամառ, եւ քաղաքական գործիչները պարզապես կգնան հանգստանալու: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նա նաեւ հոռետեսորեն գնահատեց ամռան ընթացքում ընդդիմադիր ուժերի վերաֆորմատավորվելու հավանականությունը: «Մեր երկրում թե իշխանական, թե ընդդիմադիր քաղաքական ուժերը դիրքավորվում են ընտրություններից 6 ամիս առաջ: Նրանք դեռ չունեն մշակույթ՝ գիտակցելու, որ քաղաքականությունը անընդհատ գործընթաց է: Կան, իհարկե, քաղաքական ուժեր, որոնք դա հասկացել են, սակայն դրանք քիչ են»,-ասաց Քոչարյանը:
Նրա գնահատմամբ՝ ամռան միակ կարեւոր քաղաքական իրադարձությունը կլինի ՀՅԴ արտահերթ համագումարը, որի արդյունքները կարող են բավական լուրջ լինել ինչպես կուսակցության ներսում, այնպես էլ քաղաքական դաշտի համար:
«Խոսքը Դաշնակցության պառակտման մասին չէ, այս կուսակցության դեպքում դա բավական դժվար է անել: Ավելի շուտ խոսքն առաջատար դեմքերի փոփոխության մասին է եւ դեռեւս անհայտ է, կհաղթի հի՞ն գվարդիան, թե՞ նոր»,-ընդգծեց նա:
Քախտեխնոլոգը նաեւ նշել է, որ ողջ աշխարհում կա պրակտիկա, որի համաձայն, ընտրություններում պարտված կուսակցությունները փոխում են իրենց առաջնորդին, սակայն Հայաստանի դեպքում դա պրակտիվորեն բացառվում է: «Մեր կուսակցություններում առաջնորդն ընկալվում է որպես կուռք, եթե ոչ՝ Աստված, որի արդյունքում առաջնորդը չի փոխվում եւ առաջ է գալիս քաղաքական լճացումը»,-նշեց Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ քաղաքական լճացումը ամռանը կարող է կանխել միայն արտաքին ազդակների առկայությունը:




























