Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Սամվել Խաչատրյանը մտափոխվել է եւ այլեւս չի ցանկանում աշխատել փոխնախարար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սամվել Խաչատրյանը այսպես մեկնաբանեց իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու փաստը: Մեր հարցին, թե ինչն է պատճառը, որ աշխատանքից ազատման դիմում եք ներկայացրել, նախկին փոխնախարարը վրդովված արձագանքեց. «Լավ եմ արել գրել եմ, չեմ ուզում չեմ աշխատում»: Նախկին փոխնախարարը անմիջապես անջատեց հեռախոսը:
Նշենք, որ իրենց դիմումների համաձայն աշխատանքից ազատվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը: Պաշտոնանկությունից հետո աշխատակազմի նախկին ղեկավարը չի պատասխանում հեռախոսազանգերին:
Հիշեցնենք, որ Սամվել Խաչատրյանի աշխատանքից ազատման մասին տեւական ժամանակ է` լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում: Սամվել Խաչատրյանն, ի դեպ, ոչ վաղ անցյալում լրատվամիջոցներում տարածված իր բաց նամակով սուր քննադատության էր ենթարկել Յուրի Վարդանյանին` օլիմպիական խաղերում Հայաստանի անհաջողությունների, դրանում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մեղավորության վերաբերյալ վերջինիս դիտարկումների պատճառով: Իսկ թե ինչպես է պատրաստվում այդ անախորժությունից հետո աշխատել վերջինիս ենթակայությամբ, շարունակելո՞ւ է պաշտոնավարել, թե՝ ոչ, փոխնախարարը մեզ հետ զրույցում ասել էր, թե չի հրաժարվելու փոխնախարարի պաշտոնից, անձնականը չի խառնում պետականի հետ:
«Ես պետք է մնամ, իհարկե, եթե պարոն Վարդանյանը կամենա ինձ հետ աշխատել, ես կաշխատեմ, դա իմ որոշելիքը չէ, ղեկավարության որոշելիքն է: Եթե ղեկավարությունը նպատակահարմար է գտնում, որ ես կարող եմ օգուտ տալ մեր սպորտին, ես անպայման գիշեր-ցերեկ ջանք չեմ խնայի, որ օգնեմ եւ հայկական սպորտը առաջ տանեմ, դրոշը միշտ ծածանվի երկնքում, հիմնն էլ հնչի»: Նա նաեւ ասել էր, թե եթե մեկ ուրիշը նշանակվեր նախարար, գուցե եւ տխրեր, բայց այժմ շատ ուրախ է, քանի որ «լեգենդար ծանրամարտիկը, իր մասնագիտությամբ մարդը նշանակվել է սպորտի նախարար»: Նա շեշտել էր, որ Յուրի Վարդանյանի նախարար դառնալուց հետո վերջինիս հետ քննարկում չի եղել իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ, բայց ինքը կառչած չէ իր պաշտոնից, փոխնախարարի պաշտոնը «հայեցողական պաշտոն է, ցանկությունով չէ, վստահություն է, եթե ինքը աշխատի եւ չարդարացնի սպասելիքները, անպայման խոստանում է դիմումը գրել եւ հեռանալ»: Իր խոսքը Սամվել Խաչատրյանը եզրափակել էր այսպիսի տողերով. «Կեցցե Յուրի Վարդանյանը, կեցցե Գագիկ Ծառուկյանը եւ ամենակարեւորը` կեցցե երկրի նախագահը»:




























