Հարցազրույց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ
Պրն. Ասատրյան, նվազագույն աշխատավարձի հարցում հստակություն մտցվեց: Իսկ մեր թոշակառուները ե՞րբ կարող են սպասել թոշակների բարձրացման:
Հաշվարկներն արվում են կառավարությունում, նախնական նախատեսվում է բարձրացումներն անել 2014 թ. հունվարի 1-ից; Սակայն առաջիկայում այդ հարցում ավելի հստակեցում կմտցվի:
Իսկ կառավարության գործունեության ծրագրի սոցիալական հատվածը նախորդ տարվա համեմատ որեւէ փոփոխություն կրե՞լ է:
Անցյալ տարվա շեշտադրումները հիմնականում պահպանվել են; Մասնավորապես՝ նոր սոցիալական քաղաքականության հիմնադրույթն այն է, որ սոցիալական ծրագրերը պետք է հիմնված լինեն կարիքի գնահատման վրա: Այդ պատճառով սոցիալական աշխատողի ինստիտուտի ստեղծումը համարվում է մեր գերակայություններից մեկը: Սկսել ենք իրականացնել փորձնական ծրագրերը, եւ այս տարի արդեն սոցիալական ծառայությունների 19 համալիր կենտրոններ կգործարկվեն; Դրա հիմնական նպատակը հենց սոցիալական աշխատողի ինստիտուտի ձեւավորումն է, որովհետեւ եթե մենք չունենանք ընտանիքի կարիքների ճիշտ գնահատում, համապարփակ եւ ամբողջական ծրագիր իրականացնել չենք կարող: Սա նաեւ լուրջ մասնագիտական գործունեություն է, քանի որ վերաբերում է տվյալ ընտանիքի կարիքների տարբեր ասպեկտներին՝ կրթական, առողջապահական, սոցիալական աջակցություն, զբաղվածություն:
Բայց չե՞ք կարծում, որ այդ ինտեգրված սոցիալական ծառայությունների ինստիտուտի ներդրումը բավական դանդաղ է ընթանում:
Դա հեշտ գործ չի; Այս տարի 19 կենտրոնները կստեղծվեն եւ կգործեն լիարժեք, առաջիկա 2-3 տարում 52-55 այդպիսի կենտրոններ կգործարկվեն: Խնդիրներ կան շենքերի հատկացման, տեղի ընտրության, պահանջների համապատասխանության մասով; Անհրաժեշտ է վերանորոգել, կահավորել, ըստ անհրաժեշտության՝ գազաֆիկացման, ջրահեռացման համակարգեր գործադրել:
2014 թ. հունվարի 1-ից ներդրվելու է կենսաթոշակային բարեփոխման պարտադիր կուտակային բաղադրիչը: Կարելի՞ է ասել, որ նախապատրաստական աշխատանքները բավարար են:
Այո: Բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են եւ իրականացվում են: Հիմնականում ավարտական փուլ ենք մտել, մնացել է որոշ ենթակառուցվածքներ (տեղեկատվական համակարգեր եւ այլն) ավարտին հասցնել: Ներկայում ավարտական փուլում են նաեւ բանացությունները միջազգային ճանաչում ունեցող ակտիվները կառավարող ընկերությունների հետ: Կարող եմ ասել, որ 2014 թ. հունվարից պարտադիր կուտակային համակարգի ներդրման խոչընդոտներ ալեւս չկան: Դա շատ կարեւորագույն փոփոխություն է, մոտ 270 հազ. երիտասարդ աշխատողների անհատական հաշիվներում գումարներ են նստելու՝ աշխատավարձի 5%-ի չափով, եւս 5% կավելացվի պետական բյուջեից (բայց ոչ ավելի 25 հազ. դրամը); Միջինժամկետ ծախսային ծրագրով արդեն իսկ նախատեսվում է այդ նպատակով հատկացնել 20 մլրդ դրամ պետական բյուջեից:
Շատերը կարծում են, որ գազի գնի թանկացման պարագայում սոցիալական պայթյուն կլինի: Ինչպիսի՞ն է ձեր գնահատականը:
Կարծում եմ, վաղաժամ է հեռուն գնացող եզրակացություններ անել: Վստահ եմ, որ կառավարությունը ամբողջությամբ կիրականացնի իր գործառույթները, որպեսզի սոցիալապես խոցելի խավերի համար դա նվազագույն ազդեցություն ունենա:
Զրուցեց՝ Սամվել Ավագյանը




























