Այսօր՝ հունիսի 6-ին նշվում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը։ Անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվա ոնակատարությունների համատեքստում Սայաթ-Նովայի, Մաշտոցի, Տերյան, Թումանյան փողոցների սյուների վրա տեղադրված բարձրախոսներից կհնչի Արամ Խաչատրյանի երաժշտությունը /ժամը 11:00-23:00-ն/: Արամ Խաչատրյանի մրցույթի հյուրերը, ժյուրիի անդամներն ու մասնակիցները, Երեւանի երաժշտական դպրոցների սաները, հայ մտավորականները կայցելեն Արամ Խաչատրյանի շիրիմին /ժամը 11:00-12:00-ն/: Ազատության հրապարակի եւ Կարապի լճի տարածքում տեղադրված էկրաններին կցուցադրվեն Արամ Խաչատրյանի մասին պատմող տեսաֆիլմեր /ժամը 18:00-23:00–ն/: Տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եւ փառատոնի, ինչպես նաեւ հոբելյանական տարվա բացման արարողությունը. համերգի ընթացքում Արամ Խաչատրյանի երաժշտության հետ մեկտեղ կներկայացվեն տեսամիացումներ` աշխարհի մեծագույն երաժիշտների եւ արվեստագետների ողջույնի խոսքերով: Արարողությունն ամբողջությամբ կհեռարձակվի Ազատության հրապարակի եւ Սայաթ-Նովայի պողոտայում տեղադրված էկրաններից /ժամը 20:00-21:30–ն/:

Երեկոյան Կարապի լճի շրջակայքում հանդես կգան ինքնուս եւ պրոֆեսիոնալ պարախմբեր` կատարելով Արամ Խաչատրյանի «Գարուն Երեւան», «Սուսերով պար», «Ուզունդարա», «Կարոսի պրկե» եւ այլ ստեղծագործությունները /ժամը 21:30-23:30–ը/:

Անվանի կոմպոզիտորի հոբելյանական միջոցառումների սկիզբը կազդարարվի Երեւանում  մեկնարկող մեծ արվեստագետի անունը կրող 9-րդ միջազգային մրցույթով:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթն այս տարի ուղղված կլինի տաղանդավոր թավջութակահարների բացահայտմանը:

Մրցույթի առաջին փուլը տեղի կունենա հունիսի 7-9-ը, երկրորդ փուլը՝ հունիսի 10-11-ը, երրորդ փուլը՝ հունիսի 13-ին: Հունիսի 14-ին կկայանա գալա համերգն ու պարգեւատրման արարողությունը։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն «թավջութակ» մասնագիտության համար սահմանել է հետեւյալ մրցանակները.

◆ 1-ին մրցանակ` 15000 ԱՄՆ դոլար եւ դափնեկրի դիպլոմ,

◆ 2-րդ մրցանակ` 10000 ԱՄՆ դոլար եւ դափնեկրի դիպլոմ,

◆ 3-րդ մրցանակ` 5000 ԱՄՆ դոլար եւ դափնեկրի դիպլոմ։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի մրցանակակիր չդարձած բոլոր մասնակիցները կպարգեւատրվեն դիպլոմով եւ 2000 ԱՄՆ դոլար գումարով:

Մրցույթն անցկացվում է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

Մրցույթի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են համաշխարհային հռչակ վայելող այնպիսի անուններ, ինչպիսիք են Ջոնաթան Ֆրիման-Էթվուդը /Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի ռեկտոր/, Վալերի Գերգիեւը /Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախնբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, «Մոսկվայի Զատկի փառատոնի» գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր տնօրեն/, Պավել Կոգանը /Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր/, Քշիշտոֆ Պենդերեցկին /կոմպոզիտոր եւ դիրիժոր/, Ալեքսանդր Սոկոլովը /Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր/, Ալեքսանդր Չայկովսկին /ՌԴ ժողովրդական արտիստ, Մոսկվայի պետական ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար/ եւ այլոք։

Այս տարի պատվավոր ժյուրիի կազմում են` Արամ Թալալյանը /ժյուրիի նախագահ, Հայաստան/, Անյա Լեխները /Գերմանիա/, Օլե Ակահոշին /ԱՄՆ/Ճապոնիա/, Թիմորա Ռոսլերը /Նիդերլանդներ/Իսրայել/, Քրիստիան Ֆլորեան /Մոլդովա/Ռումինիա/, Ալեքսեյ Սելեզնյովը /Ռուսաստան/, Էրկի Լահեսման /Ֆինլանդիա/։

Ս. թ. հունիսի 5-ին, ժամը 14:00, Արամ Խաչատրյանի թանգարանում միջազգային 9-րդ մրցույթին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արմեն Սմբատյանը /Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ/, Արամ Թալալյանը /Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ/: