Ավանի հոգեբուժարանում գտնվող Կոմիտասի 56 շենքի 115 բնակարանի բնակիչ Ամալյա Նազարեթյանը, հնարավոր է, այսօր դուրս գրվի եւ գնա տուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը
Նա օրերս տեսել է Ամալյա Նազարեթյանին, եւ շեշտում է, որ բավականին դրական տեղաշարժ կար: «Շոկոլադ էլ հյուրասիրեցի, հետս կերավ, ինձ վստահում է ինքը: Իմ կարծիքով` այսօր պետք է դուրս գրվի»,- նշեց գլխավոր հոգեբույժը` հավելելով, որ այսօր հանձնաժողովը կքննարկի այդ հարցը եւ հաշվի կառնի նաեւ իր տված եզրակացությունը:
Միեւնույն ժամանակ, Սամվել Թորոսյանը նշեց, որ այդ կինը տառապում է խրոնիկ հոգեկան հիվանդությամբ, նրա մոտ կա խրոնիկ զառանցանք, այդտեղ երկրորդ կարծիք չկա: «Նրա մոտ այժմ առկա է ներհիվանդանոցային լավացում, հաշվի առնելով, որ նորմալ, կիրթ, կին է, եւ դա կենցաղային զառանցանք է, հիմա էլ հանգիստ վիճակում է, փորձենք էլի դուրս գրել: Բայց հերիք է մի փոքրիկ առիթ, որ նորից իր մոտ այդ ամենը սկսվի»,- նշեց նա:
Սամվել Թորոսյանն ասաց, որ պայմանավորվել են, որ կինը դուրս գրվի, գնա տուն, աշխատի քիչ շփումներ ունենալ իրենց շենքի առաջին հարկում գտնվող «Իդեալ» խանութի աշխատակիցների հետ, պրովոկացիաներ չանի եւ պրովոկացիաների չգնա: Գլխավոր հոգեբույժի խոսքով` կնոջ ամբողջական զառանցանքը կապված է «Իդեալի» հետ, անընդհատ ինչ-որ բաներ է պատմում, անուններ տալիս: «Ես համոզված եմ, որ եթե այնտեղ պրովոկացիաներ չլինեն, ինքը չի գնա դրան»,- նշեց Սամվել Թորոսյանը: Գլխավոր հոգեբույժն ասաց, որ սկզբից մտածում էր կանչել «Իդեալի» այն աշխատակիցներին, որոնց հետ կինը կոնֆլիկտ է ունեցել,սակայն հետո ետ կանգնեց այդ մտքից: Սամվել Թորոսյանը նկատեց, որ կինը շատ հակասական բաներ է ասում, երեւի եւ տարիքն է, եւ հիվանդությունը, հարցեր կան, որոնց շուրջ ազնվորեն է խոսում, հարցեր կան, որտեղ իրեն լավ գույներով է ներկայացնում:
Հիշեցնենք, որ ավելի քան 10 օր առաջ Երեւանի Կոմիտաս 56 հասցեի 115 բնակարանի բնակիչ, մոտ 70-ամյա Ամալյա Նազարեթյանը տեղափոխվել է Ավանի հոգեբուժական կլինիկայում: «Հայկական ժամանակը» գրել էր, որ Նազարեթյանի բնակարանը զբաղեցնում է նույն շենքի առաջին հարկում գտնվող «Իդեալ» խանութի երկրորդ հարկը: «Եվ ահա, ըստ հարեւանուհու, խանութի տերերը որոշել են շինարարական փոփոխություններ կատարել աոաջին եւ երկրորդ հարկերի միջեւ: Ամալյա Նազարեթյանը որպես բնակիչ դեմ է եղել: Բավական երկար ժամանակ նրա եւ խանութի ներկայացուցիչների միջեւ լարված հարաբերություններ են եղել, քանի որ Նազարեթյանը խնդրով պարբերաբար դիմել է ոստիկանություն: Եվ ահա, օրերից մի օր այս հարեւանուհուն է մոտեցել թաղային ոստիկանը ձեռքին մի թուղթ եւ հորդորել ստորագրել այդ թղթի տակ առ այն, որ Ամալյա Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի: Հարեւանուհին հրաժարվել է ստորագրել, քանի որ այդ կինը հոգեկան խնդիրներ չի ունեցել: Ըստ նրա տեղեկությունների, հարեւաններից որեւէ մեկը չի ստորագրել թղթի տակ: Իսկ արդեն մի քանի օր անց նրանք ականատես են եղել, թե ինչպես է մի մեծ մեքենա կանգնել շենքի բակի տաղավարի մոտ, վեճի ձայներ են լսվել, Ամալյա Նազարեթյանը տարածքում գտնվող շենքի հավաքարարուհուն խնդրել է ասել, որ ինքը հոգեկան հիվանդ չէ. ապա նրան բռնի ուժով դրել են մեքենան ու տարել: Ավելի ուշ հարեւանները պարզել են. որ նրան տեղափոխել են հոգեբուժարան»,- գրել է թերթը:
Իսկ հոգեբուժարանի տնօրեն Արեգա Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, թե չի բացառվում, որ 10 օր առաջ իրենց մոտ տեղափոխված Երեւանի Կոմիտաս 56 հասցեի 115 բնակարանի բնակիչ, 70-ամյա Ամալյա Նազարեթյանը «Իդեալ» խանութի հետ խնդիրներ է ունեցել, բայց վստահեցրել էր, որ վերջինս հոգեկան հիվանդ է եւ նրան հոսպիտալացնելու համար Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը չի միջամտել: Նա նշել է, որ Ամալյա Նազարեթյանը անհանգստացրել է բնակիչներին, ագրեսիվ, ոչ ադեկվատ վարքագիծ է ցուցաբերել, նրանք դիմել են ոստիկանություն, վերջինս էլ` «Շտապօգնություն», եւ հոգեբուժական բրիգադը, որի մեջ կա նաեւ հոգեբույժ, նայել է կնոջը ու որոշել, որբնակիչը հոգեկան հիվանդ է եւ կարիք կա տեղափոխել հիվանդանոց:



























