Պատից կախված զենքն, իհարկե, մի օր կկրակի, բայց նպատակով պետք է կրակի. զենքը նրա համար չի, որ հայրենիքի մեջ օգտագործես, զենքը նրա համար է, որ հայրենիքը պաշտպանես: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ արձագանքելով զենքերը հանձնելու վերաբերյալ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը:

«Շատ լավ եմ վերաբերում ոստիկանապետի հայտարարությանը: Նման հրաման պատերազմից հետո էլ է եղել: Շատ մարդիկ, ովքեր ունեցել են զենք, «Անկախությանը բանակն» էլ հետը, իրենց զենքերը հանձնել են: Իմ կարծիքով՝ դա յուրաքանչյուր կռված տղայի միակ ճիշտ ճանապարհն է, որովհետեւ պատերազմի մենք միշտ պատրաստ ենք մեր գաղափարի, մեր մտքի հետ, ոչ թե զենքով»,- նշեց Աշոտ Աղաբաբյանը: 

Հարցին, թե ինքն իր զենքերը պահո՞ւմ է, թե՞ հանձնել է, նա պատասխանեց. «Ես պատերազմից հետո իմ բոլոր տեսակի զենքերը եւ պաշտպանության նախարարությունից ստացած զենքերը հանձնել եմ: Հիմա ունեմ զենք, որն ինձ նվիրել է վաղամեռիկ Վազգեն Սարգսյանը եւ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Եթե վրեժխնդրության խնդիր է առաջանում եւ որոշ մարդիկ, որոնք կամքից թույլ են լինում, զենք ճարելը բարդ բան չի: Դա է վտանգավորը»,- ավելացրեց Աշոտ Աղաբաբյանը՝ հրաժարվելով անդրադառնալ Սյունիքի մարզպետի տան բակում տեղի ունեցած արյունալի դեպքին, միայն նշեց, որ հետաքննություն է  գնում եւ հետաքննությունը կորոշի:

Հիշեցնենք, որ NEWS.am-ին տված հարցազրույցում Վլադիմիր Գասպարյանմ ասել էր. «Ողջ երկրով մեկ հայտարարում եմ, որ նրանք, ովքեր մտածում են, թե թաքցնելով, պահելով զենք-զինամթերքը, կսպասեն, իրենց պատկերացումով, լավ ժամանակների եւ հանգիստ կգործածեն դրանք՝ մոլորության մեջ են: Դուք ուրիշ ոստիկանության հետ գործ ունեք հիմա: Հենց ձեր՝ լրատվամիջոցների միջոցով հայտարարում եմ, կոչ անում, որ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում բոլոր նրանք, ովքեր կամավոր կհանձնեն զենք-զինամթերքը՝ կազատվեն քրեական պատասխանատվությունից, օրենքով սահմանված կարգով: Դրանից հետո ում մոտ կհայտնաբերվի ապօրինի զենք՝ ոստիկանությունը հետամուտ կլինի, որպեսզի նման անձինք պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»: